Նեթանյահու․ Իսրայելը թույլ չի տա Պաղեստինի պետության ստեղծումը Գազայում

Իսրայելը չի թույլատրի պաղեստինյան պետության ստեղծումը Գազայի հատվածի տարածքում։ Այս հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։

«Ես լսել եմ հայտարարություններ այն մասին, թե մենք թույլ կտանք պաղեստինյան պետության ստեղծում Գազայում։ Դա չի եղել և չի լինելու»,-ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Իսրայելը չի թույլատրի Գազայի վերականգնումը մինչև հատվածի լիակատար դեմիլիտարիզացիան և արմատական ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը, ինչպես նաև չի հանդուրժի թուրք և կատարյան զինծառայողների ներկայությունը անկլավում։

«Իսրայելը կպահպանի անվտանգության վերահսկողությունը ողջ տարածքի նկատմամբ՝ Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով, և դա վերաբերում է նաև Գազայի հատվածին»,-եզրափակել է հրեական պետության կառավարության ղեկավարը։

Leave a Comment