Անձը կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով պահանջել և ստացել է 399.500 ՀՀ դրամ. գործը դատարանում է

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի հունվարի 16-ին ստացվել է Ս.Հ.-ի քրեական գործը: Գործը հունվարի 19-ին հանձնվել է դատավոր Արամ Գրիգորյանին և ստացել ՀԿԴ/0018/01/26 համարը: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս մասին Iravaban.net տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կաշառքի միջնորդության պատրվակով ընդհանուր 399.500 ՀՀ դրամ պահանջելու և ստանալու համար:

Մեղադրանքի համաձայն, 2025 թվականի հունիսին Ս.Հ.-ը ծանոթացել է Կ.Ա.-ի հետ և տեղեկացել, որ վերջինս ցանկանում է առանց սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելու կազմակերպել որդուն՝ Ս.Ա.-ին, վարորդական իրավունքի վկայական տրամադրելը: Գումարային առավելություն ստանալու նպատակով Ս.Հ.-ը վստահեցրել է Կ.Ա.-ին, որ իրավասու պաշտոնատար անձին 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու եղանակով կարող է կազմակերպել նշված գործընթացը, թեև սկզբից նպատակ չի ունեցել դիմել որևէ պաշտոնատար անձի:

Համոզիչ դարձնելու համար Ս.Հ.-ը Կ.Ա.-ից պահանջել է հաղորդագրության միջոցով ուղարկել Ս.Ա.-ի անձնագրի և սոցիալական քարտի լուսանկարները: Ստանալով անհրաժեշտ տեղեկությունները՝ Ս.Հ.-ը roadpolice.am համացանցային հարթակում լրացրել է Ս.Ա.-ի տվյալները և նրան հերթագրել է տեսական քննությունը հանձնելու համար:

2025 թվականի հուլիսի 28-ին, տեսական քննության հանձնման օրը, Ս.Հ.-ը Կ.Ա.-ին տրամադրել է իր քրոջ՝ Տ.Հ.-ի անվամբ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունում թողարկված քարտի տվյալները, որին Կ.Ա.-ն փոխանցել է 99.600 և 99.900 ՀՀ դրամ:

Տեղեկանալով Երևանի հաշվառման-քննական բաժնում Ս.Ա.-ի կողմից տեսական քննությունը չհանձնելու և բացասական գնահատական ստանալու մասին, Ս.Հ.-ը Կ.Ա.-ին վստահեցրել է, որ այդ հանգամանքը էական նշանակություն չունի և անհրաժեշտ է մասնակցել նաև գործնական քննությանը:

Մոտ մեկ ամիս անց՝ քննությամբ չպարզված կոնկրետ օրը, Ս.Հ.-ը Մասիսի հաշվառման-քննական բաժանմունքի դիմաց հանդիպելով Կ.Ա.-ին, իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով կանխիկ եղանակով ստացել է ևս 200.000 ՀՀ դրամ և վստահեցրել, որ առանց գործնական քննությունը հանձնելու՝ Ս.Ա.-ին կտրամադրվի վարորդական իրավունքի վկայականը:

Արդյունքում Ս.Հ.-ն ի սկզբանե նպատակ չունենալով Ս.Ա.-ի կողմից վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն օգնելու համար դիմել որևէ պաշտոնատար անձի և կաշառքի գումարը փոխանցել վերջինին, կաշառքի միջնորդության պատրվակով Կ.Ա.-ից ստացել է ընդհանուր 399.500 ՀՀ դրամ և այն օգտագործել է անձնական կարիքների համար:

Ս.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: 2026 թվականի հունվարի 20-ին դատավոր Արամ Գրիգորյանը որոշում է կայացրել քրեական գործով ստանձնել վարույթ և նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակել 2026 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 10:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի թիվ 4 դահլիճում՝ դռնբաց դատական նիստում – տեղեկանում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment