Կաթողիկոսը կարգալույծ  է հռչակել կառավարությանն աջակցող եպիսկոպոս Գևորգ Սարոյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել եպիսկոպոս Գևորգ Սարոյանին, ով նախկինում ազատվել էր Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Մասիացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածից։

Նշվում է, որ կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով «առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար»։

«Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այսօր՝ հունվարի 27-ին, ավելի վաղ, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև խստորեն դատապարտել է ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրել, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, այդ թվում՝ Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Կաթողիկոսը հունվարի 10-ին ազատել էր Սարոյանին իր պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում կաթողիկոսի որոշումը։ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը։ Հունվարի 16-ին Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը։

 

Leave a Comment