ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդի ստեղծումը և այս կազմակերպության հետագա գործողությունները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին։ Այս մասին հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել են Բրազիլիայի և Ֆրանսիայի նախագահներ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և Էմանուել Մակրոնը։
«Նախագահները քննարկել են ԱՄՆ-ի առաջարկը՝ Խաղաղության խորհուրդ ստեղծելու վերաբերյալ։ Առաջնորդները աջակցել են Միավորված Ազգերի Կազմակերպության ամրապնդմանը և համաձայնել, որ խաղաղության և անվտանգության նախաձեռնությունները պետք է համապատասխանեն Անվտանգության խորհրդի որոշումներին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին», – ասվում է Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։