Shafaq News․ Սիրիայից Իրաքի բանտեր է տեղափոխվել «Իսլամական պետություն» խմբավորման ևս 300 զինյալ

Սիրիայից Իրաքի բանտեր է տեղափոխվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) ևս շուրջ 300 զինյալ։ Այդ մասին հայտնել է Shafaq News տեղեկատվական պորտալը։

Պորտալի բարձրաստիճան աղբյուրի տվյալներով՝ ձերբակալված ահաբեկիչներին, որոնց թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ, Իրաքի տարածքում գտնվող կալանավայրեր են տեղափոխել «մի քանի օր առաջ»։ Բոլոր նրանք կդատվեն Իրաքի օրենսդրությանը համապատասխան, իսկ այն զինյալները, որոնք հանրապետության քաղաքացիներ չեն, կարտահանձնվեն իրենց երկրների կառավարություններին՝ խնդրանքով, որպեսզի պատժի կատարումն իրականացվի հայրենիքում։ Իրաք տեղափոխված օտարերկրյա ահաբեկիչների քաղաքացիության վերաբերյալ տվյալներ պորտալը չի ներկայացրել։

Հունվարի 25-ին Syria TV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան երկու օրվա ընթացքում Հասաքե քաղաքի (Սիրիայի հյուսիս-արևելք) բանտից Էլ-Քամիշլիի ռազմական բազա է տեղափոխել ԻՊ-ի ավելի քան 300 կալանավորված զինյալ՝ նրանց՝ Իրաք հետագա տեղափոխման համար։

Leave a Comment