Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձմեռային նստաշրջանում ընդունել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը։ Փաստաթղթում անդրադարձ կա թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Երկրներին ուղղված ասելիքը տարբեր ոլորտների է առնչվում։
ԵԽԽՎ բանաձը հիասթափեցրել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, իսկ իշխող կուսակցության անդամները գոհունակությամբ բանաձևից հատվածներ են մեջբերում։
ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը Հայաստանում տարբեր կերպ ընդունվեց։ Փաստաթղթում Հայաստանին՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկրի, մի քանի անդրադարձ կա։ Մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, նախընտրական մթնոլորտին ու 2026-ի ընտրությունների կազմակերպմանը։
Միջազգային հեղինակային կառույցի բանաձևում առկա շեշտադրումները տարակուսանք են առաջացրել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի շրջանում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հենց Ստրասբուրգից չթաքցրեց իր հիասթափությունը՝ բանաձևը որակելով անընդունելի․

«Իհարկե, բանաձևը խայտառակություն է, այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ և տեղ չեն գտնում այնպիսի փաստեր՝ քաղբանտարկյալների և այլ թեմաներով, որ դա պարզապես անհասկանալի էր։ Այնտեղ առկա են առնվազն 3 կետեր, որոնց մասին քարոզչամեքենան չի խոսելու։ Առաջին՝ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա՝ պետության հարձակումն է եկեղեցու վրա, երկրորդ կետը, որ նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը, հստակ նշում է, որ ընտրությունների ժամանակ պետք է բացառվի պետական ռեսուրսի սխալ օգտագործումը։ Երրորդ կետը, որը առկա է զեկույցում, հստակ նշում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Մնացած ձևակերպումները զեկույցի անընդունելի են, զարմանալի են ինձ համար։
Բայց դե ամեն բան երևի թե բացատրվում է աշխարհաքաղաքական շահերի և հետաքրքրությունների տրամաբանությամբ»։
Իշխանություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող թեմայից բանաձևի այլ հատված է նախընտրել մեջբերել ԵԽԽՎ փոխնախագահ ընտրված ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Սոցցանցում նա գրել է, որ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևում Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլ հարցերի, վեհաժողովը խոր մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»։
«Ռադիոլուր»-ը, ուսումնասիրելով փաստաթուղթը պարզել է, որ ԵԽԽՎ բանաձևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին 5.1 բաժնում գրված է հետևյալը․
«Այն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ եկեղեցու առաջնորդի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով»:
Բանաձևի 21-րդ կետն արդեն ավելի մանրամասնորեն է անդրադառնում իրավիճակին՝ հիշեցնելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ղեկավարած «Սրբազան պայքարի» մանրամասները։
«Հակառակ բարոյական և հոգևոր ձևակերպված լինելուն՝ շարժումն ուներ հստակ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին պաշտոնաթող անելու կոչեր: Սա կրոնական նկատառումները խառնեց ընդդիմադիր քաղաքականության հետ։ 2025 թ․ հունիսին հակամարտությունը սրվեց, ինչի պատճառով ձերբակալվեցին արքեպիսկոպոս Գալստանյանը և այլ հոգևորականներ։ Նրանք մեղադրվեցին իշխանությունը բռնազավթելու և սահմանադրական կարգը տապալելու դավադրության համար»։
Այսպիսի ձևակերպումները ԵԽԽՎ բանաձևում պատճառ դարձան, որ արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեղադրեր խորհրդարանական ընդդիմությանը։ Քաղաքական գործիչը սոցցանցում գրել է, որ սա Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը։ Նա ենթադրում է, որ եվրոպացի զեկուցողներին չեն կարողացել պատկերը ներկայացնել, և որ ԵԽԽՎ-ն չի օգտագործել «քաղբանտարկյալներ» ձևակերպումն ու չի մտահոգվել Հայաստանում դատարանների վիճակով։
Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին ԵԽԽՎ բանաձևում նույնպես անդրադարձ կա։ Նույն՝ 5.1 մեկում գրված է, որ Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր մասնակիցների կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար: Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր տեղի ունեցած երեք խորհրդարանական ընտրությունները զերծ են եղել խախտումներից, Վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը: 2026 թ․ հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավելու քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները, որպեսզի ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված, և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից:
Այս համատեքստում Վեհաժողովը հղում է անում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալու դրա մեջ ներգրավվելուց, դրան հավանություն տալուց կամ դա տարածելուց և նախատեսում են պատժամիջոցներ»։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ բանաձևի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածին, ապա «Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակելու քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորներին»։ Այս թիվն է նշվել, քանի որ զեկույցը կազմվել է անցած տարեվերջին, երբ չորս հայ գերիները Բաքվից դեռ չէին հայրենադարձվել։ Նրանց, ինչպես նաև մինչև օրս Ադրբեջանի բանտերում գտնվող՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը Վեհաժողովը դասում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների շարքում։

Բանաձևն ընդունելուց հետո արդեն ԵԽԽՎ լիագումար նիստերում Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին կրկին խոսել է վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հիշեցրել է միջազգային իրավունքի կարևորագույն դրույթներից մեկը, համաձայն որի՝ ռազմագերիները պետք է հայրենադարձվեն ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։
Նույն հարցի համատեքստում Հայաստանի պատվիրակության մեկ այլ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեից հետաքրքրվել է, թե արդյոք Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցում են հայ գերիներին առանց նախապայմանների ազատ արձակելու հարցով, ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու բանակցությունների ժամանակ որպես ԵԽԽՎ ջանքերի մի մաս։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր համար դժվար է մեկնաբանել անհատական իրավական հարցերի մասին անդամ պետությունների հետ կապված։ Բայց իրավիճակին հղում կատարելով՝ նշեց, որ շատ կարևոր է, որ բոլոր անդամ պետությունները հարգեն իրենց պարտավորությունները ԵԽ-ի առաջ՝ պաշտպանելու մարդու իրավունքները և հարգելու օրենքի գերակայությունը։ Ըստ Բերսեի՝ իրենք փորձում են պաշտպանել և ամրապնդել Կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դերակատարությունը և պետք է ՄԻԵԴ-ին հնարավորություն տան որոշում կայացնելու։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ դա այնքան արագ ու խորությամբ չի ընթանում, ինչպես ակնկալվում էր։ Ենթադրվում է, որ Հարավային Կովկասում հատկապես խաղաղության օրակարգը ԵԽԽՎ լիագումար նիստում կքննարկվի նաև հունվարի 28-ին։
Այդ օրը Վեհաժողովի հյուրը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։ Նա հանդես է գալու ելույթով, ապա պատասխանելու է պատվիրակների հարցերին։