Հիշատակի են օրացույցի բոլոր օրերը, հունվարի 27-ը՝ պաշտոնապես

Այս տարվանից հունվարի 27-ը Հայաստանում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Ազգային ժողովում այս օրվա հետ կապված քննարկումն այդպես էլ միաձայն եզրակացության չհանգեց։ Խորհրդարանական մեծամասնությունը պնդում էր, որ Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օրը լավագույն տարբերակն է, քանի որ չի նույնանում որևէ ռազմական գործողության հետ։ Ընդդիմությունը մերժում էր առաջարկը՝ պնդելով, որ այդկերպ թիրախավորվում է Բանակի օրը։ Որոշումն այնուամենայնիվ ընդունվեց։ ՀՀ իշխանությունն այսօր Եռաբլուրում էր, ընդդիմությունը՝ ոչ։ Իսկ մյուս կողմում մարդիկ էին, որոնց որդիներն ու հայրերը, ամուսիններն ու ընկերները զոհվել էին, մարդիկ, որոնց համար հիշատակի են օրացույցի բոլոր օրերը:

«Շատ ռոմանտիկ էր։ Ես պահել եմ 1 տարեկանում տված երկու փոքր ծաղիկները․պոկել էր, որ տանի տա մամային»։
Ռուբենի մայրը ծաղիկներին ձեռք չի տալիս․ վախենում է՝ հանկարծ չփշրվի որդու հիշատակը։

«Ամեն ծննդյան օր մենք պարադիր ցուցահանդես ենք կազմակերպում»։
Մորիսի մայրը կավե դետալի վրա մեծ լույսեր է վառել․ այդ նյութին որդու մատներն են հպվել։

«Լացելով զանգեցի տղայիս, ասեցի՝ կռիվը սկսել ա։ Ասեց՝ խի՞ ես լացում․ կռիվը սկսել ա, մենք էլ կգնանք։ Սենց հեշտ»։
Անյա Բալայանը հիշում է՝ որդու ձայնը չէր դողում։ Նույն օրը զոհված փեսայի, նրա հարազատ եղբոր, քրոջ միակ որդու մահվան մասին խոսելիս ինքն իր ձայնը կառավարել չի կարողանում։

Հանրային ռադիոյի «Կյանքին ասել այո» հաղորդման արխիվում այսպիսի հարյուրավոր պատմություններ կան։

«Իր զոհվելուց 6 ամիս հետո սառնարանի տակ մի թուղթ եմ գտնում։ Արթուրն էդ նամակի մեջ ասում էր՝ չգիտեմ՝ կվերադառնամ, թե չէ։ Եթե վերադառնամ, նամակը կպատռեմ, որ չտեսնեք։ Եթե ես չլինեմ, ամբողջ տան հոգսը քո վրա է, պիտի առաջ շարժվես ու երեխաներին հասցնես նպատակներինմիշտ երազում էինք, որ մեր երեխաները բժիշկներ պիտի դառնան»։

Այս մարդկանց ամեն բառը՝ հիշողություն, ամեն օրը՝ հիշատակի օր է։

***

Բայց այս տարի առաջին անգամ հունվարի 27-ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ, երկնային բանակի օր։

«Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը և նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն»,-ուղերձում նշել է վարչապետը։

Օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ։

Ինչո՞ւ հիշատակի օրը պետք է լինի հունվարի 27-ը, և ոչ, օրինակ, սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը․ զոհվածների հարազատներին անհանգստացնող այս հարցին պատասխանում է օրվան այս խորհուրդը տալու առաջարկի հեղինակ Ռուբեն Ռուբինյանը․

«Մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, որովհետև առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ Բանակի օրը, որպես շարունակվող կյանքի և անկոտրում կյանքի խորհրդանիշ արդեն կտոնենք Բանակի օրը»։

Միևնույն ժամանակ, ըստ Ռուբինյանի, ընտրվել է օր, որը չի կապվի որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց կունենա հստակ սիմվոլիզմ։ Օրենքի համահեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ Խորհրդարանական ընդդիմությունը օրվա ընտրությանը դեմ է եղել և Եռաբլուր չի այցելել։

***

«Էնքան կարևոր ա, որ դու ուզում ես քո որդուց խոսել, ու կողքինդ լսում ա քեզ»։

Այս մարդիկ օրացուցային օրվա չեն սպասում։ Նրանք հաճախ շատ ուղիղ ու պարզ բառերով են ասում ինչպես օգնել, ինչպես հարգել ու հիշել։ Երբեմն պարզապես պետք է լսել այն մարդկանց պատմությունները, որոնք դեռ շատ բան կարող էին անել․

«Զանգում էր ինձ ու ասում էր՝ մամ, գնա Վերնիսաժից ինձ համար գրքեր վերցրու։ Ասում էի՝ այ տղա, մարդիկ ուտելիք են ուզում, դու՝գիրք։ Մամ, ասում էր, ինձ գիրք տուր, ժամանակս ափսոս ա»։

«Ջրականի սպաներից մեկի մարմինն էին բերել։ Ծոցագրպանում հեռախոս կար, հեռախոսը բացեցինք՝ աղջկա նկարով զանգ էր, էլի դրեցինք իր ծոցագրպանը, գրպանը փակեցինք, և էդ պահից հետո բոլոր էմոցիաները զրոյական վիճակում են եղել»։

Հանուն հայրենիքի կռված ու չվերադարձած մարդկանց հիշելու հատուկ օր չի կարող լինել, քանի որ չկա օր, որ նրանց մասին մոռանանք՝ ասում են հանուն հայրենիքի կռված ու վերադարձած մարդիկ։ Նրանք, նրանց հարազատները, պատերազմին առնչված բոլորը՝ բոլորս, հիշելու մեկ կարևոր բան ունենք․ հուշումը՝ ամուսնուն՝ Արթուրին կորցրած Էլինա Աղաջանյանից․

«Շարժումը կյանքի հոմանիշն է, միշտ-միշտ կյանքին ասենք՝ այո՛, ու առաջ շարժվենք»։

Leave a Comment