Վերստին ընձեռվել է եռակողմ հանդիպման առիթ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, թե անցած շաբաթավերջին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ամերիկացիների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացված ռուս-ուկրաինական բանակցություններում քննարկվել են մեծավ մասամբ ռազմական հարցեր:
Հայրենակիցներին հասցեագրված տեսաուղերձում նախագահը նշել է, որ երկար ժամանակ անց վերստին ընձեռվեց ամերիկացիների և ռուսների մասնակցությամբ բանակցելու հնարավորություն:
Նրա խոսքով, կան հարցեր, որոնք հարկ է վերլուծել պատերազմի ավարտին հասնելու համար:
«Թիմերը կրկին կհանդիպեն»
«Պետք Է պատրաստվել հաջորդ հանդիպմանը։ Նախնական քննարկումները ցույց տվեցին, որ թիմերը կրկին կհանդիպեն կիրակի օրը։ Լավ կլինի, եթե այդ օրը հաջողվի առաջխաղացում ապահովել»,-ասել է Զելենսկին:
Անցած ուրբաթ և շաբաթ օրերին կայացած քննարկումների մասին շատ տեղեկություններ չկան:
Տարաձայնություններ վերջնական համաձայնագրի շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը փորձում է նպաստել գրեթե չորս տարի տևող պատերազմի ավարտին: Ռուս և ուկրաինացի պաշտոնյաները սկզբունքորեն չեն մերժում փոխզիջման գնալու Վաշինգտոնի կոչերը, սակայն Մոսկվայի և Կիևի մոտեցումները խորապես տարբերվում են այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի վերջնական համաձայնագիրը։
Ուկրաինայի քաղաքացիական բնակչությունը ցրտաշունչ ձմռան պայմաններում շարունակում է տառապել հոսանքազրկված բնակավայրերում, որտեղ շաբաթներով չեն աշխատում ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը:
«Անհրաժեշտ է Ռուսաստանի ճնշման միջոցների կիրառում»
Զելենսկու փոխանցմամբ, ուկրաինական կողմը կփորձի լավագույնս պատրաստվել այս եռակողմ ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլին:
«Ուկրաինան միշտ եղել է և կմնա խաղաղության կողմնակից, և այս պատերազմի շարունակման միակ պատճառը Ռուսաստանն է։ Անհրաժեշտ են դիվանագիտության իրական արդյունքներ, այլապես տպավորություն կստեղծվի, որ ռուսները բանակցային գործընթացն օգտագործում են շատ ցինիկ և դաժան նպատակներով: Անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ նոր ճնշման միջոցների կիրառում, դա կլինի արդյունավետ»,- ասել է Զելենսկին:
Ենթադրվում է, որ հաջորդ անգամ կողմերտը կհանդիպեն հաջորդ կիրակի օրը՝ փետրվարի 1-ին:
«Սա ընդամենն աշխատանքի սկիզբն է»
Ինչպե՞ս են ռուսները գնահատում Էմիրություններում տեղի ունեցած բանակցությունները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պոեսկովը զգուշավոր է և խուսափում է մանրամասներ ներկայացնելուց:
«Նույնիսկ նախնական եզրակացություններ անելու ժամանակը չէ, սա ընդամենն աշխատանքի սկիզբն է։ Այն կշարունակվի փորձագիտական մակարդակով՝ աշխատանքային խմբի շրջանակներում։ Աշխատանքը շարունակելու շահից ելնելով իմ կողմից ճիշտ չի լինի օրակարգը հատվածաբար քննարկել՝ այն էլ հրապարակավ»,-ասել է Պեսկովը:
Պատերազմի 1434 դաժան օրերը
Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվել է 2022 թվականի փետրվարի 24-ի գիշերը:
Այս տարվա հունվարի 11-ին ռուս-ուկրաինական պատերազմը տևողությամբ հավասարվել է Հայրենական մեծ պատերազմին:
Հունվարի 13-ի դրությամբ, Ուկրաինայում զոհվել է առնվազն 163 հազար 606 ռուսաստանցի զինծառայող: Ուկրաինացի զոհված զինծառայողների հայտնի չէ, ըստ փորձագետների, այն մոտ է 100 հազարին: 2026 թվականի հունվարի 27-ը ռուս-ուկրաինական պատերազմի 1434-րդ օրն է: