Ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները չմոտեցան «Արցախի կանչին». փոխնախարարի պատասխանը




 

Sputnik. Պաշտպանության փոխնախարարի խոսքով` Եռաբլուրում բոլորի շիրիմներին մոտենալ հնարավոր չէ։


 


Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր է ընտրվել որպես հավաքական խորհրդով օր։


 


Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու սեպտեմբերի 27-ը չի ընտրվել, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։


 


«Այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե հետևել եք քննարկումներին և օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ այն չի կապվել որևէ ռազմական գործողության հետ. այն ավելի ընդգրկուն և համընդհանուր է»,– ասաց նախարարի տեղակալը։


 


Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ քննարկումների ժամանակ մի շարք օրեր են քննարկվել, սակայն որոշումը կանգնել է հունվարի 27-ի վրա։ Նա նշեց, որ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների և պատերազմների շրջաններ է ունեցել, հետևաբար՝ հստակ մեկ ռազմական օր չի դրվել հիմքում։


 


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները չմոտեցան «Արցախի կանչ» հուշարձանին, զոհերի շիրիմներին, նա պարզաբանեց, որ պանթեոնն իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ խոնարհվել են, իսկ բոլոր գերեզմաններին առանձին մոտենալու և խոնարհվելու հնարավորություն չկա։


 


Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։


 


 


Leave a Comment