
Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային հասկացրել է՝ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն այն բանից հետո, երբ Կիևը համաձայնի խաղաղության համաձայնագրին, որը, հավանաբար, կպահանջի ողջ Դոնբասը զիջել Ռուսաստանին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ ութ անձի։
Ըստ թերթի՝ Վաշինգտոնը նաև ակնարկել է, որ կարող է Ուկրաինային ավելի շատ զենք առաջարկել՝ խաղաղ ժամանակ իր բանակը հզորացնելու համար, եթե Կիևը համաձայնի զորքերը դուրս բերել իր վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններից:
Ուկրաինայի նախագահը մշտապես հայտարարել է, որ տարածքների հարցում Կիևի դիրքորոշումն անփոփոխ է. երկրի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Օրերես էլ Լիտվայի նախագահի հետ մամուլի ասուլիսին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ փոխզիջման բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն:
Նա նաև հայտնել էր, որ ԱՄՆ կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը պատրաստ է, Կիևն սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի ստորագրման օրն ու վայրը:
«Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են: Սրանք անվտանգության երկկողմ երաշխիքներն են ԱՄՆ կողմից: Փաստաթուղթը 100 տոկոսով պատրաստ է, և սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը», – ասել էր նա։