«Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն ու նրա գլխավորած ներդրողների խումբը համաձայնության են եկել «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի գնման շուրջ։ Այս մասին հայտնում է Carrusel Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ գործարքի արժեքը կկազմի մոտ 400 միլիոն եվրո։ 39-ամյա իսպանացի ֆուտբոլիստը կստանձնի ակումբի նախագահի պաշտոնը։ Հատկանշական է, որ Ռամոսը հենց այս ակումբի սան է։
Սերխիո Ռամոսը «Սևիլյայի» հիմնական կազմում հանդես է եկել 2004-2005 թվականներին, ինչպես նաև վերադարձել է թիմ 2023/24 մրցաշրջանում։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», ՊՍԺ-ում և մեքսիկական «Մոնտերեյում»։ Անցած տարվա դեկտեմբերից նա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Իսպանիայի առաջնության 21 տուրից հետո «Սևիլյան» 24 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։