UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն անդրադարձել է բրիտանացի Փեդի Փիմբլեթի պարտությանը։
Փիմբլեթը Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում զիջել էր ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մղվող մենամարտում։
«Ահա թե ինչ է լինում, երբ քեզ հնարավորություններ են նվիրում և արհեստականորեն բարձրացնում վարկանիշային աղյուսակում։ Բացարձակապես չվաստակած տիտղոսային մենամարտ՝ Փեդիի համար։
Շնորհավորում եմ Ջասթինին։ Նա իսկական կամք դրսևորեց և, ի տարբերություն մյուսների, կընդունի մարտահրավերն ու կմենամարտի ինձ հետ», – գրել է Ծառուկյանը իր սոցիալական ցանցի էջում։
Մենամարտի գրեթե ողջ ընթացքում Գեյջին բացահայտ առավելություն է ունեցել։ Ամերիկացի մարտիկը մի քանի անգամ հնարավորություն է ունեցել ժամանակից շուտ ավարտելու պայքարը՝ Փիմբլեթին հասցնելով լուրջ վնասվածքներ։
Ծառուկյանի և Փիմբլեթի միջև լարվածությունը նոր չէ․ մարտիկների կոնֆլիկտը շարունակվում է արդեն տևական ժամանակ։ Արմանը բազմիցս քննադատել է բրիտանացուն՝ նշելով, որ նա իրականում արժանի չէ չեմպիոնական գոտու համար պայքարելուն։