Եվրոպական երկրները սահմանափակում են սոցցանցեր երեխաների մուտքը․ ո՞րն է ՀՀ մոտեցումը

Դեռահասների շրջանում հեռախոսների և սոցիալական ցանցերի ակտիվ օգտագործումը մասնագետներն ավելի ու ավելի մտահոգիչ են համարում։ Այս ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ  հայտարարել է, որ մտադիր է արդեն սեպտեմբերից արգելելու 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցցանցեր և սահմանափակելու բջջային հեռախոսների կիրառումն անգամ ավագ դպրոցներում։ Նախորդիվ Ավստրալիայում արդեն չեղարկվել է երեխաների մոտ 4,7 մլն օգտահաշիվ։ Ի՞նչ մոտեցում ունի Հայաստանն այսպիսի հարցերում։

16-ամյա Էմման ծանր հոգեբանական բեռ էր կրում թե՛ դպրոցում, թե՛ առցանց հարձակումների հետևանքով։ Նրա մայրը՝ Քրիստինան, Ֆրանս 24-ին պատմել է․

«Չորս ամսում ամեն ինչ կտրուկ փոխվեց։ 2020-ի սեպտեմբերին Էմման ասաց. «Մայրիկ, ես լավ չեմ։ Մենք դիմեցինք հոգեբանների, բայց օգնությունը բավարար չէր։ Երեխայի մտքում շարունակ ինքնավնասման միտքն էր»։

Քրիստինան՝ որպես ծնող, ահազանգում է, որ որոշ հարթակներ ու ալգորիթմներ ոչ միայն խրախուսում են ինքնասպանության գաղափարը, այլև ստեղծում են համայնքներ, որտեղ նման թեմաներն են գերակշռում։

«Եթե սոցիալական ցանցերն արգելված լինեին մինչև 15 տարին, վստահ եմ՝ Էմման հիմա մեզ հետ կլիներ»։

Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալության (ANSES) ուսումնասիրության համաձայն՝ երկրի դեռահասների շուրջ կեսն  օրական երկուսից հինգ ժամ անցկացնում է սմարթֆոնի առջև։ Դեկտեմբերին հրապարակված զեկույցում նշվում է, որ 12-17 տարեկան երիտասարդների գրեթե 90 %-ն ամեն օր սմարթֆոն է օգտագործում ինտերնետ մուտք գործելու համար, իսկ նրանց 58 %-ը սարքերն օգտագործում է հենց սոցցանցեր մուտքի համար։

Այս միտումը մտահոգիչ համարելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է արագացնելու իրավական գործընթացները, որպեսզի արդեն սեպտեմբերից սահմանափակվի սոցցանցերի օգտագործումը 15 տարեկանից փոքր երեխաների համար։

«Մեր երեխաների և դեռահասների ուղեղները վաճառքի ենթակա չեն։ Նրանց զգացմունքները չեն կարող դառնալ ո՛չ ամերիկյան հարթակների, ո՛չ էլ չինական ալգորիթմների շահարկման կամ մանիպուլյացիայի առարկա»։

Դրանից օրեր առաջ էլ բրիտանական կառավարությունն էր հայտարարել, որ քննարկում է դեռահասների սոցցանցային ակտիվությունը սահմափակելը՝ երեխաներին վնասակար բովանդակությունից և էկրանների առջև չափազանց շատ ժամանակ անցկացնելուց պաշտպանելու համար:

Առողջապահական միջազգային հաստատությունները ևս մտահոգվում են, որ սոցցանցերի ակտիվ օգտագործումը կարող է ունենալ մի շարք լուրջ բացասական հետևանքներ՝ ներառյալ ինքնագնահատականի նվազումը և ռիսկային վարքագծի խթանումը։ Դեռահասները կարող են ավելի հաճախ առնչվել վտանգավոր բովանդակության՝ կապված ինքնավնասման, թմրանյութերի օգտագործման և նույնիսկ ինքնասպանության հետ։

Ավստրալիան առաջիններից է, որ արգելեց 16 տարեկաններից փոքրերին օգտվել սոցցանցերից։  Որոշումն  ուժի մեջ մտնելուց ի վեր չեղարկել է երեխաների մոտ 4,7 մլն օգտահաշիվ։ Օրենսդրական այս քայլը երկրում բուռն քննարկում է առաջացրել՝ մի կողմից   թվային անվտանգության և երեխաների հոգեկան առողջության շեշտադրումներով, մյուս կողմից՝ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու։   

Ավստրալիայի էլեկտրոնային անվտանգության հանձնակատար Ջուլի Ինման Գրանտը սա կարևոր քայլ է համարում․ 

«Ես շատ գոհ եմ այս նախնական արդյունքներից»։

Հայաստանում նման քննարկումներ չկան օրակարգում, սակայն թվային անվտանգությանը մեծ կարևորություն է տրվում։ Նախորդ ուսումնական տարվա սկզբից, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, կառույցի ենթակայությամբ գործող դպրոցներում արգելվում է աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարեց, որ դրականորեն են արձագանքել ոչ միայն ծնողները, այլև ուսուցիչները։ Տարակարծություն էր առաջացրել այն, որ դասագրքերում բազմաթիվ առաջադրանքներ QR-ով են, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ երեխան պետք է հեռախոսով զբաղվի։ Նախարարի խոսքով՝ հայաստանյան դպրոցներում հեռախոսների կիրառումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է դասի ընթացքում որևէ նյութ դիտելու, ուսումնասիրելու կամ ուսումնական նպատակներով։

Դպրոցներն ինքնուրույն են սահմանում հեռախոսների պահպանման և օգտագործման կարգը՝ ընտրելով ձևաչափ։

«Թեև չկա միասնական կամ պարտադիր ստանդարտ, օրինակ՝ բոլոր դպրոցներում նույն տեսակի պահարանների կամ արկղերի կիրառման պահանջ, գործընթացն ընդհանուր առմամբ արդյունավետորեն է կազմակերպվում»։

Իսկ, առհասարակ, հեռախոսի կիրառումը դպրոցից դուրս արդեն ծնողի պատասխանատվությանն է մնում։

Աբովյանի համար 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը հարցը դիտարկում է նաև երեխաների սոցիալիզացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ սա աշակերտներին նաև հնարավորություն է տալիս ճանաչելու իրար, շփվելու և մասնակցելու խմբային նախագծերի։

«Նախկինում, երբ դասարանը բաժանված էր մեծ խմբերի, և աշակերտները հիմնականում օգտագործում էին հեռախոսները միայն զվարճանքի համար, շփումը սահմանափակ էր։ Այս նոր համակարգը ոչ միայն բարելավում է ուսումնական գործընթացը, այլև օգնում է լուծելու սոցիալական ինտեգրման և թիմային աշխատանքի խնդիրները»։

Եվրախորհրդարանը նախորդ տարվա վերջին ընդունեց առաջարկ, որով կոչ է արվում արգելելու սոցցանցերը 16 տարեկանից փոքր երեխաների համար։ Օրենսդիրները քննարկում են դրանց բացասական ազդեցությունը հոգեկան առողջության վրա, բայց սա դեռ բանավեճերի թեմա է։  

Leave a Comment