Վաղարշապատ համայնքի 6 հա տարածքով աղբավայրը Շահումյան գյուղի մոտակայքում է: Համայնքի ավագանին մեկ ամիս առաջ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսականից դարձնելով կոմունալ-ենթակառուցվածքների գործառնական նշանակության: Հնարավոր է, որ առաջիկայում Վաղարշապատում աղբի վերամշակման գործարան կառուցվի։ Այդ հեռանկարով հետաքրքրված են իտալական ու մալայզիական ընկերությունները: Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան կառուցվելու էր դեռ 10 տարի առաջ, սակայն այդ ծրագիրը չիրագործվեց:
Էջմիածնից Աշտարակ ուղևորվելիս Շահումյան գյուղի մոտ նկատելի է տարվա բոլոր եղանակներին մշտապես ծխացող աղբավայրը։ Այն գյուղատնտեսական նշանակության հողի վրա է և զբաղեցնում է շուրջ 6 հա տարածք: Այդ հողատարածքի նպատակային նշանակությունը փոխվեց անցած տարվա վերջին: Նախագիծը ներկայացվեց ավագանու հաստատմանը․
«Վաղարշապատ համայնքի սեփականություն հանդիսացող 6 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողերը աղբավայր հիմնելու նպատակով փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության»:

Ըստ այդմ՝ փոխվելու է նաև Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագիծը: Համայնքի ավագանու անդամ, «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն ասում է, որ աղբավայրի մոտակայքում գտնվող սեփական հողատարածքները մշտապես պատված են աղբով:
«Հիմա այնտեղ կան սեփական հողակտորներ, որտեղ աղբը շարունակաբար թափվել է, թափվում է: Հիմա այդ մարդկանց հողերի մեջ աղբ կա: Այդ հարցը ոնց է կարգավորվելու: Պարզ է, կփոխենք կատեգորիան, որովհետև օրենքի պահանջով աղբավայրը պետք է համապատասխան կատեգորիայի հող լինի: Արդյո՞ք աղբավայրի հետ կապված ծրագիր ունենք, որպեսզի կարողանանք այդ վիճակը բարելավել»:
Աղբավայրի հարակից համայնքապատկան տարածքը շուրջ 10.5 հա է, սակայն դրանում դամբարանադաշտեր կան, որոնք մասամբ են ուսումնասիրվել, ուստի հնարավոր չէ ընդլայնել աղբավայրի տարածքը:

Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը վստահեցնում է, որ աղբը թափվում է միայն սահմանված վայրում, հողամասեր աղբը քշում է քամին:
«Հարակից շրջաններում կան դամբարանադաշտեր, որոնք որոշակի հեռավորություն են նախատեսում: Այդ հեռավորությունը, նորմերը պահելով, մենք 6 հա-ի մասին ենք խոսում: Մեր հետագա ամբողջ քայլերն ու ջանքերն ուղղվելու են, որ ամբողջ աղբը հավաքվի այդ 6 հա-ի մեջ, 6 հա-ը սահմանազատվի ու աղբավայրի գործունեությունն իրականացվի այդ տարածքում»:

Առաջիկայում հնարավոր է նաև վերամշակել այդ աղբը․ դրանով հետաքրքրված են արտասահմանյան ընկերությունները:
«Աղբի վերամշակման հետ կապված որոշակի քննարկումներ կան: Դրանք դեռևս բանավոր քննարկումներ են, որոշակի հետաքրքրվածություններ կան և՛ մալայզիական կողմից, և՛ իտալական կողմից: Քննարկելուց հետո, հասկանալով, թե որ կողմն ինչ առաջարկներ է ներկայացնում, նաև համաձայնեցնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որովհետև աղբավայրերի վերամշակման հետ կապված ոլորտն իրենք են համակարգում, կառավարության ծրագրի համապատասխանության դեպքում՝ մենք կշարժվենք առաջ»:

Այս ծրագիրը հնարավոր է՝ մոտ ապագայում գործարկվի ու աղբի մշակությունը եկամտաբեր դառնա վերամշակող ընկերության և համայնքի համար: Ըստ Արգիշտի Մեխակյանի, կառավարությունը աղբավայրերի կենտրոնացման ծրագիր է իրականացնում՝ մի քանի մարզի մեկ աղբավայր սկզբունքով: Այդպիսի մի ծրագիր Արմավիրի մարզում շրջանառվում էր դեռ 10 տարի առաջ: Արմավիր քաղաքում նախատեսվում էր աղբի վերամշակման գործարան կառուցել, որն ընդունելու էր նաև Թալինի ու Աշտարակի աղբը:

Ծրագիրն իրականացվելու էր Չեխիայի դեսպանատան հետ՝ սկսելով կրթական ծրագրերից ու աղբի տեսակավորումից: 2015թ Արմավիրի սեփականություն հանդիսացող 15 հա հողամասը կադաստրային արժեքով օտարվել էր հայ-չեխական ընկերությանը: Աղբը պետք է վերամշակվեր 3 փուլով: Սկզբում 22 հազար գունավոր կոնտեյներներ էին տեղադրվելու բնակավայրերում, որոնցում տեսակավորվելու էր աղբը: Երկրորդ փուլով՝ արտադրվելու էր բիոգազ, իսկ 3-րդ փուլով՝ աղբի մնացորդները նորից էին վերամշակվելու և արտադրվելու էր եվրոդիզել վառելանյութ։ Սակայն ծրագիրն այդպես էլ չիրագործվեց: Աղբի տեսակավորման արկղերն Արմավիրում տեղադրվեցին Ճապոնիայի դեսպանատան ծրագրով, բայց դրանք էլ նպատակին չծառայեցին ու անհետացան քաղաքի փողոցներից: