UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան նշել է իր երազանքի մրցակցին։
«Շատ կցանկանայի մենամարտել Հաբիբ Նուրմագոմեդովի դեմ։ Նա կատարյալ ցուցանիշ ունի և հաղթել է բոլոր 29 մենամարտերում։ Դա իսկապես գրավում է ինձ։ Հաբիբը մեծ ճանապարհ է անցել, և ես հարգում եմ նրան` որպես չեմպիոնի։ 100 տոկոս կարող էի հաղթել նրան»,- վրացի մարտիկի խոսքերը մեջբերում է MMA Junkie-ն։
Դաղստանցի Նուրմագոմեդովը UFC-ում նորամուտը նշել է 2013 թվականին, իսկ 2018 թ. ամերիկացի Էլ Յակուինտային հաղթելուց հետո նվաճել է թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Հետագայում նա երեք անգամ է պաշտպանել այն, իսկ կարիերայի վերջին մենամարտն անցկացրել է 2020 թ. հոկտեմբերի 24-ին և խեղդող հնարքով հաղթել է Ջասթին Գեթջիին։
27-ամյա Թոփուրիան օկտագոնում բոլոր 16 մենամարտերն ավարտել է հաղթանակով, 6-ը` նոկաուտով։ Վրացին այս տարվա փետրվարին Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վոլկանովսկիին հաղթելուց հետո դարձել էր կիսաթեթև քաշային կարգում չեմպիոն։ Նա հոկտեմբերի 26-ին նաև պաշտպանել էր տիտղոսը` պարտության մատնելով ամերիկացի Մաքս Հոլուեյին։