Տնային կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Մեր ձևով» շարժման նախաձեռնող Սամվել Կարապետյանը հունվարի 26-ին ուղերձ է հղել՝ խոսելով իշխանության փոփոխության անհրաժեշտության, հասարակության համախմբման և իր ներկայացրած տնտեսական ծրագրի մասին։
Նա ընդգծել է, որ իր առաջարկությունների իրականացման վերջնական նպատակը Հայաստանին բարեկեցության ուղու վրա դնելն է։
«Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի։ Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի՝ Ուժեղ Հայաստանի։ Ժամանակը մոտ է։ Անելու ենք՝ մեր ձևով»,- նշել է գործարարը։
Կարապետյանը շեշտել է, որ անցած ամիսները շատերի համար փորձությունների և զրկանքների շրջան էին, սակայն դրանց մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում։
«Փորձությունը մարդու համար է, ու մեզանից ամեն մեկը հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Անցել ենք ու ավելի ուժեղ դարձել»,- ընդգծել է գործարարը։
Նրա խոսքով՝ փորձություններից զատ ավելի կարևոր արձանագրումներ կան, որոնցից առաջինն «իշխանության տապալումն է»։
«Անցած ամիսներին սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել՝ բառի ամենալայն իմաստով։ Իրենց այս պարտությունը ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք՝ սկսելով մեր հայրենիքի վերածնունդը»,- հայտարարել է Կարապետյանը։
Երկրորդ հանգամանքը, ըստ գործարարի, այն է, որ կառավարող ուժի հիմնական նպատակը իշխանության պահպանումն է։
«Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին՝ ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մնալ իշխանության։ Մնացածը սուտ խոսքեր են։ Մնալ իշխանության ամեն գնով, իշխել՝ թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա։ Վստահ եմ, որ մենք միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով՝ թույլ չենք տալու այդ ամենը»,- շեշտել է գործարարը։
Երրորդ արձանագրմամբ գործարարը հիշեցրել է իր՝ դեպի ուժեղ Հայաստան տանող 5 քայլից բաղկացած տնտեսական ծրագիրը և հայտարարել դրա իրագործումը երաշխավորելու մասին։
«Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը»,- շեշտել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ իրենց ծրագրերի իրականացմանը միլիոնավոր հայեր են միանալու։
«Մեզ միանալու են նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մեկ մարդու խաղալիք դադձած պետությունից կվերածվի մի քանի տասնյակ տաղանդավոր ու նշանավոր հայերի կողմից առաջնորդվող երկրի»,- եզրափակել է գործարարը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հունվարի 20-ին ներկայացրել էր Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը, որն առաջարկել էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը՝ հնգամյա ժամանակահատվածի համար: Նա հայտարարել էր, որ Կարապետյանի կուսակցությունը, որի մասին կհայտարարվի փետրվարի 12-ին, իշխանության գալու դեպքում ակնկալում է ծրագիրն իրականացնել մոտ հինգ տարվա ընթացքում՝ փուլային տրամաբանությամբ։
Կարդացեք նաև՝
