Փոխնախարար․ Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացումն առաջին հերթին կխթանի տուրիզմը

Փոխնախարար․ Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացումն առաջին հերթին կխթանի տուրիզմը

26 հունվարի 2026 – 14:59 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ՀՀ-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ ասել է, որ սահմանի հնարավոր բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար առաջին և ամենաարագ ազդեցությունը կունենա տուրիստական հոսքերի աճի վրա, հայտնում է Արմենպրեսը:

«Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված ենք Լարսի անցակետից, և Թուրքիայի հետ սահմանների բացումը տնտեսվարողներին օգնելու է մի քանի առումներով։ Նախ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, և կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Փակ սահմանները երկար տարիներ ավելացրել են լոգիստիկ ծախսերը և սահմանափակել մրցակցությունն ու մեծ խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար՝ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենալու առումով»,-ասել է Ավետյանը:

Նա Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևորել է նաև Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի օրակարգի տեսանկյունից։

Նրա կարծիքով՝ սահմանի բացումը կնպաստի կախվածության նվազեցմանը սահմանափակ երթուղիներից և թույլ կտա հայ արտադրողներին մուտք գործել նոր շուկաներ ու դիվերսիֆիկացնել արտահանումը։

«Միևնույն ժամանակ, փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա դրական ազդեցություն է ունենալու արտաքին առևտրի վրա, զուգահեռ նաև ներդրումների ներհոսքի և ներդրումային միջավայրի վրա։ Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների տվյալներով՝ 20 տոկոս ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։

Ուզում եմ շեշտել, որ այս պահին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում ավելի մանրամասն գնահատելու, թե սահմանների բացումը ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա և, միգուցե, երկրորդ փուլով ուսումնասիրություն իրականացնենք նաև տարածաշրջանի բոլոր տնտեսությունների վրա ինչ փոխկապակցվածություններ կունենա, ինչպիսի փոփոխություններ կբերի փոխգործակցության և տնտեսության զարգացման համար»,-նշել է փոխնախարարը:

Նա համոզմունք է հայտնել, որ ավելի կարճ և մատչելի լոգիստիկ ուղիները թույլ կտան հայ արտադրողներին դուրս գալ նոր շուկաներ, նվազեցնել կախվածությունը սահմանափակ թվով ուղղություններից և ապահովել ավելի արագ ու ճկուն մատակարարումներ։

Ավետյանը նշել է նաև, որ ապաշրջափակման և ԵՄ–Թուրքիա մաքսային միության հարևանության պայմաններում հնարավոր կլինի ընդլայնել Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի Եվրոպական միություն, մասնավորապես՝ արդյունաբերական ապրանքների մասով։ Նա ընդգծել է, որ բաց սահմանները շահավետ կլինեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

«Տարանցիկ հոսքերի ակտիվացումը և մատակարարման շղթաների կարճացումը շահավետ են բոլոր ներգրավված կողմերի համար։ Սա կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունն ու գրավչությունը միջազգային առևտրային երթուղիներում»,-ընդհանրացրել է փոխնախարարը։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը:

Leave a Comment