«Մեր ձևով» շարժումն արձագանքել է Նարեկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթի մասին լուրերին

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի ծառայությունը մեկնաբանել է Armtimes.com կայքի հրապարակումը, ըստ որի իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել բանակից խուսափելու փորձի առնչությամբ։

Լրատվամիջոցը, որի գլխավոր խմբագիրը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հղում անելով Քննչական կոմիտեին՝ պնդում է, թե նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները քննում են այն վարկածը, որ Կարապետյանը չի անցել որոշակի ռենտգեն հետազոտություններ և չի տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները։

Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իշխանությունները Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փորձում են վարկաբեկել նրան։

«Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ վարույթը նախաձեռնվել է քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցից հետո։

«Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել էր դեռ ամիսներ առաջ` Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։ Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։ 7 ամիս շարունակ Կարապետյանի «դոսյեն» խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտն այս թեմայի մեջ»,- նշել է Ղահրամանյանը։

2025 թվականի նոյեմբերի 8-ին Կարլսոնի հետ հարցազրույցում Կարապետյանը պատմել էր հայ ինքնության համար քրիստոնեության կարևորության, Հայաստանի իշխանությունների կողմից հակաեկեղեցական արշավի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումների մասին:

Leave a Comment