26 հունվարի 2026 – 13:42 AMT
PanARMENIAN.Net – Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, անդրադառնալով ձնամաքրմանը, ասել է, որ քաղաքապետարանում գիտեին, որ հունվարի 20-ին և 23-ին ձյան առատ տեղումներ են լինելու, սակայն հունվարի 23-ին տեխնիկան ուշացումով է մտել կենտրոն՝ ինտենսիվ ձյան և ակտիվ երթևեկության պատճառով:
«Մեքենաների շարժն ամբողջությամբ հատ-հատ նայել ենք ու հասկացել, որ կենտրոնում չկարողացանք ժամանակին մտնել՝ միանգամից սկսված ինտենսիվ ձյան և երթևեկության ակտիվության պատճառով։ Բայց ասել, թե աշխատանք չի տարվել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ երկու գիշերվա ընթացքում 1000 տոննա աղի ու ավազի խառնուրդ ենք ծախսել»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Արեյանի խոսքով՝ այդ օրերին Երևանում աշխատել է 650 բանվոր և 137 միավոր տեխնիկա։
«Մայրաքաղաքում 1204 կմ ճանապարհ ունենք։ 15 մլն քառակուսի մետր մաքրվող տարածքից 8.6 մլն-ը ձեռքով մաքրվող բակային տարածքներ են։ Տեխնիկան միաժամանակ չէր կարող մտնել բոլոր փողոցները»,– շեշտել է Արեյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները բավարար է համարել՝ չհերքելով առկա խնդիրները։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հաջորդ անգամ պետք է լինել ավելի պատրաստված և կիրառել նորարարական լուծումներ։
Ինչ վերաբերում է մայթերին՝ Ավինյանը նշել է, որ համատիրությունների հետ աշխատանքները կոորդինացնելու նոր մեխանիզմ է պետք, քանի որ միայն տեխնիկայի ավելացումը խնդիրը չի լուծի։