«Հրապարակ»-ը գրում է․ Ամեն տարի իրեն 100%-ով պարգեւատրած Վեդիի համայնքապետը «կոկորդիլոսագետը» Գարիկ Սարգսյանը իր նազիր-վեզիրներով արդեն քանի օր է հարձակում է գործել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու եւ հոգևոր հովիվ Տեր Արտաշես Հակոբյանի վրա: Այսօր համայնքապետի նազիր-վեզիրներից մեկը՝ «ուխտը» «ուղտ»-ից չտարբերող Ոսկետափի վարչական ղեկավարի ժամանակավորապես պաշտոնակատար Նշան Հովհաննիսյանը, ով նաեւ Գարիկ Սարգսյանի տեղակալն է, Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցապատման հովանավոր Համլետ Գորոյանի հետ այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք հայտնել են, որ քիչ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների փականներն են փոխելու, քանի որ եկեղեցին «իրենցն է»: Մի ողջ օր Ոսկետափում իրավիճակը լարված էր:
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանին աջակցելու համար ողջ օրը եկեղեցու բակում հերթապահմ էին գյուղացիները եւ Վեդիի «Իմ Հզոր Համայնք» կուսակցության ավագանու անդամները: Մեզ հետ զրույցում ավագանու անդամները նշեցին, որ տուն չեն գնալու, կսպասեն մինչեւ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը գա եկեղեցի:
Փորձեցինք զրուցել Ոսկետափի վարչական ղեկավարի ժպ Նշան Հովհաննիսյանի հետ, սակայն երբ նա լսեց մեր լրատվամիջոցի անունը, ասաց՝ հարմար չի եւ հեռախոսն անջատեց:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Մասյացոտնի թեմի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը հայտարարել էր, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա մեկ օր անց նշել, որ դա ասել է ճնշման ներքո, և այդ հայտարարությունը չի արտահայտում իր իրական միտքն ու համոզումները, ինչպես նաև հայտնել էր, որ վերահաստատում է Մասյացոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնել Մայր Աթոռին: Իհարկե այս ամենի ետեւում կանգնած է «կոկորդիլոսագետը»` Գարիկ Սարգսյանը, ով նախքան իր մականունը ստանալը, հավանաբար այնքան շատ էր կարդացել կոկորդիլոսների մասին, որ մարզպետ աշխատած ժամանակ ցանկանում էր Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծության կենտրոն ստեղծել և ընդօրինակել է կոկորդիլոսների վարքը մարդկանց հանդեպ:
Փորձեցինք վիքիպեդիայից ծանոթանալ, թե ինչպես է կոկորդիլոսը հարձակվում որսի վրա: Մի լեգենդի մասին կարդացինք, ըստ որի կոկորդիլոսն իր որսը ուտելուց լաց է լինում, ինչը թևավոր խոսք է դարձել «կոկորդիլոսի արցունքներ է թափում»: «Կոկորդիլոսի արցունքները» օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։ Կոստանդնուպոլսի Ֆոտիա պատրիարքը (մոտավորապես 820—896) պատմում է կոկորդլիոսների մասին, «որոնք մարդկանց ուտելուց հետո, նրանց մնացորդների վրա թափում են արցունքներ», քանի որ «ոսկրոտ գլուխը լավ որս չէր»։