Օձերը գնացին, ոզնիները մնացին. ոզնիների ընտանիքում ապրում է նաև աֆրիկյան սպիտակ ոզնին

Արագածոտնի մարզի գուղերից մեկում Արտակ Մարտիրոսյանը ոզնիների տարբեր տեսակներ է պահում, այդ թվում՝ նաև արհեստական բուծմամբ ստացված աֆրիկյան սպիտակ ոզնի: Ոզնիների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է մի դիպվածով՝ մրգերի չորանոց կառուցելիս հանդիպել էր օձերի, հետո ոզնու: Պարզել է, որ ոզնին օձերի դեմ պայքարի լավագույն միջոցներից է:

Բնության սանիտար ոզնիները մի քանի ցեղատեսակի են, որոնցից լայնականջները հազվադեպ են հանդիպում․ նրանք ոչնչացման եզրին են: Արտակ Մարտիրոսյանի այգում տարբեր տեսակի ոզնիներ կան, այդ թվում նաև լայնականջը, բնությունից է վերցրել ու խնամում է:

«Սրանք, որ վանդակների մեջ են, աֆրիկյան ցեղատեսակներ են և մի ոզնի ունենք՝ լայնականջը, Կարմիր գրքում գրանված ցեղատեսակ է: Բնության մեջ չենք թողնում սովորական ոզնիների նման: Միայն արուն է, դեռ զույգը չունենք: Երկու ամիս առաջ ենք բերել բնությունից»:

Լայնականջները Հայաստանում հանդիպում են Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Նախընտրում են չոր, կիսաանապատային, տափաստանային վայրերը: Արտակ Մարտիրոսյանը նկատել է, որ դրանք իրենց բնույթով տարբերվում են սովորական ոզնիներից:

 «Արիստոկրատ ծագում ունեցող ոզնիներ են, ավելի տարբերվող են: Թե իրենց մաշկը,  թե դեմքը, թե շփումը ուրիշ ձև է: Ոչ փշային հատվածի մաշկն ավելի վարդագույն է ու տարբերվող մորթի ունի, իսկ փշերը, որպես կանոն չի սրում, չի ծակում, բնականից ավելի մարդամոտ է»:   

Ինչո՞ւ ոզնիներ և ինչ հետաքրքություն ունի ոզնիների նկատմամբ հարցիս, Արտակն այսպես է պատասխանում․

«Իրականում, երբ մենք ուզում էինք այստեղ չրանոց բացել, ապրանքանիշը ոզնի էր լինելու: Այսինքն՝ ոզնիները բնության մեջ հավաքում են լավագույն մրգերը, մենք դրանցով սարքում ենք չրեր: Շինարարության ժամանակ օձեր հանդիպեցին այգում, հետո նաև ոզնի: Ասեցին՝ ոզնիները դրանց դեմ պայքարող լավագույն միջոցներն են: Մենք հետո ոզնիներ բերեցինք այգի: Օձերը գնացին, ոզնիները մնացին»:

Դրանից հետո չրանոց կառուցելու մտադրությունը փոխվեց ու հետաքրքրվեց ոզնիներով: Հիմա իր այգում ոզնու մի քանի ցեղատեսակներ ունի, այդ թվում նաև աֆրիկյան սպիտակ ոզնի, որը արհեստական խաչասերումով է բուծվել:

«Աֆրիկյան ոզնիների ցեղատեսակ կա, որ ոչ թե  վայրի ցեղատեսակ են, այլ բուծմամբ են ստացել, պահվում են վանդակներում, ակվարիումներում: Ալբինոս տեսակն է՝ կարմիր աչքերով ու սպիտակ մաշկով: Երբ ալբինոս են ծնվում, այդ տեսքն են ունենում: Իսկ իրականում բոլոր նոր ծնված  ոզնիները լինում են սպիտակ, փշերը նուրբ են, սուր ու ծակող չեն, հետո արդեն ձևավորվում են գույները:»:

Արհեստական ծագման սպիտակ ոզնուն պահում են  հատուկ պայմաններում, մյուս ոզնիների նման բաց չեն թողում բնության մեջ, բայց այնուամենայիվ նրա համար ազատ ու բնական միջավայր ստեղծում են: Նրանք նույնպես արագավազ են, միջատակեր:

«Առանձին միջավայր ենք ստեղծում ու բաց ենք թողնում: Իրենց, փորձում ենք գիշերային հատվածներում ազատ թողնել, որովհետև եթե մենք դա չապահովենք, իրենք սկսում են  ամեն ինչ անել վանդակներից ից դուրս գալու համար ու թաքնվում են: Հիմնականում աշխատում ենք, որ լինի բնական միջավայր»:

Աֆրիկյան ցեղատեսակներից են նաև ծիրանագույն ու ցորենագույն ոզնիները: Սրանք սովորական ոզնիների նման ձմռանը չեն քնում: Այգու մյուս ոզնիներին չհանդիպեցի, քանի որ ցրտերն ընկնելուն պես իրենց թաքստոցներում քնել էին:

«Սովորական ոզնիներն արջի նման են, իրենք ձմռանը քնում են: Մենք խոտի տուկեր ենք դնում, իրենք դրա մեջ փորում, քնում են: Այս տարի  փորել են սկյուռների վանդակի տակը: Մենք բներ էինք սարքել սկյուռների համար, իրենք բետոնային հատվածը փորել են, մտել տակն ու քնել: Կարթնանան արդեն ջերմաստիճանի տաքացմանը զուգընթաց»:

Ասում է՝ ոզնիները քնում են նաև տերևների կույտերի տակ և զգուշացնում է՝ եթե ձմռանը բնության մեջ քնած ոզնի հանդիպենք, չվնասենք՝ մտածելով, թէ սատկած է:

«Երբեմն մենք անտառներում, բնության մեջ կարող ենք տեսնել ոզնի, որը մեզ թվում է, թե սատկած է, բայց մենք պետք է զգույշ վերաբերվենք, որովհետև շատ վստահ ասում եմ, որ կարող է լինի  քնած, քանի որ այդ ժամանակ լիովին անշարժ է լինում: Իրենք սնունդը հավաքում են ընթացքում, արջի նման են, ճարպակալում են, հետո այդ ճարպի հաշվին քնած ժամանակ սնվում»:

Աֆրիկյան ծիրանագույն ոզնին արդեն մեկ տարեկան է և այլ ոզնիների հետ խաչասերումից արդեն ձագեր ունի, իսկ սպիտակ՝ ալբինոս ոզնու հետ ավելի զգույշ են վարվում, հետևում են   մասնագետների խորհուրդներին:

Leave a Comment