Աբու Դաբիում երեկ մեկնարել և այսօր շարունակվում են Ռուսաստան–Ուկրաինա–Միացյալ Նահանգներ եռակողմ բանակցությունները։ Հանդիպումը հյուրընկալող երկրի՝ արտգործնախարար Աբդուլլահ իբն Զայեդ ալ Նահյանը տեղեկացրել է, որ մինչև եռակողմ հանդիպումը պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ԱՄԷ–ի նախագահ շեյխ Մոհամեդ իբն Զայեդ ալ Նահյանը։ Բանակցությունների օրակարգի մասին մանրամասներ հայտնի չեն․ դրանց առաջին փուլն անցել է փակ ռեժիմով։
Ակնհայտ է սակայն, որ երկարատև դադարից հետո կողմերը հավաքվել են ռուս–ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորությունները քննարկելու։ Այս համատեքստում առանցքային են մնում տարածքների հարցն ու Կիևին տրվելիք անվտանգության երաշխիքները։ Ի՞նչ սպասել Աբու Դաբիի եռակողմ հանդիպումից։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆը հայտարարել է, որ Աբու Դաբիի բանակցությունների օրակարգը երկու առանցքային մաս ունի՝ անվտանգություն և տնտեսություն։ Մինչև այդ էլ, ելույթ ունենալով Դավոսի համաժողովում, նա լավատեսություն էր հայտնել, որ ամերիկյան միջնորդությամբ ռուս–ուկրաինական երկխոսությունը մտնում է եզրափակիչ փուլ։
Համաձայնության հասնելու հարցում, սակայն, լավատես չեն փորձագետները․ Մոսկվայի վերջին հայտարարությունները վկայում են, որ Կրեմլի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, հատկապես, տարածքային հարցերի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ եթե տարածքային հարցը չկարգավորվի ամերիկյան Անքորիջում ավելի վաղ համաձայնեցված բանաձևով, երկարատև խաղաղության սպասել պետք չէ։
Թե ինչ է ենթադրում այդ բանաձևը, ռուս պաշտոնյան չի հստակեցրել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը:
Աբու Դաբիի հանդիպման առաջին օրվա ավարտին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ բանակցությունների հիմնական թեման եղել է հենց տարածքային խնդիրը։
«ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն։ Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտելու պատերազմը, որն ինքն է սկսել։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա զրույցը վաղը և ինչ արդյունք կլինի», — հունվարի 23–ին ասել է նա։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ բանակցություններում քննարկվել են պատերազմը դադարեցնելու պարամետրերը և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությունը։
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025–ի ամռանը՝ Ստամբուլում։
Այն խաղաղության հասնելու կամ գոնե հրադադար հաստատելու հարցում ցանկալի արդյունքների չէր հանգեցրել, բայց նպաստել էր գերիների լայնամասշտաբ փոխանակմանը։
Արևմտյան լրատվամիջոցների հարցախույզը փորձագետների շրջանում պարզել է, որ այս անգամ էլ լիարժեք խաղաղության սպասելը սին լավատեսություն կլինի։ DW–ն գրում է, որ խոսքն, այս անգամ ևս, հավանաբար, որոշ հումանիտար հարցերի լուծման մասին կլինի, քանի որ սկզբունքային հարցերում կողմերի մոտեցումները չեն փոխվել։ Ուկրաինան չի համաձայնի որևէ սցենարի, որը ենթադրում է տարածքային զիջումներ՝ փաստացի կապիտուլյացիա։ Ռուսաստանն էլ, իր հերթին, չի դրսևորում պատերազմը դադարեցնելու կամք։ Ըստ պարբերականի՝ այդ պայմաններում բեկում ակնկալելն անիմաստ է և կարող են ձեռք բերվել հումանիտար հարցերով պայմանավորվածություններ։ Մոսկվան, օրինակ, կարող է հետաքրքրված լինել ռուսական նավթ տեղափոխող տանկերների վրա ճնշումը նվազեցնելու հարցում։ Սա կարող է լինել տնտեսության առնչվող բաղադրիչ, որի մասին խոսել էր բանագնաց Ուիթքոֆը, դա կարող է շահագրգռել ռուսական կողմին գնալու հումանիտար քայլերի։
Հանդիպմանը ռազմական փորձագետների ներկայությունն, ըստ BBC-ի, կարող է վկայել, որ այնուամենայնիվ, զորքերը հետ քաշելու կամ կրակը դադարեցնելու հարցեր քննարկվելու են, բայց ի՞նչ արդյունք կտան քննարկումները։
Financial Times–ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Էմիրություներում հանդիպման արդյունքներով կարող է «էներգետիկ հրադադար» կնքվել։
«Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է Ռուսաստանին առաջարկել չհարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին, որպես փոխզիջումային տարբերակ, սակայն Պուտինը դժվար թե համաձայնի, քանի որ այս պահին դա Կիևի նկատմամբ ճնշման արդյունավետ գործիք է»,– պարբերականին ասել են փորձագետները։
Մինչ Աբու Դաբիում բանակցություններ էին ընթանում, Կիևը կրկին ռուսական հարվածների տարափի տակ էր։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հունվարի 23–ի հարվածներից մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Չորս մարդ էլ ռուսական հարվածներից սպանվել է Դոնեցկի մարզում։ Կիևը մնացել է առանց ջեռուցման, մայրաքաղաքը լքել է ավելի քան 700 հազար մարդ։