Ինդոնեզիայի գլխավոր՝ Ճավա կղզում ուժեղ անձրևներից հետո տեղի ունեցած սողանքի հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս 82-ը անհետ կորած է համարվում, հաղորդում է Kompas TV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սողանքը տեղի է ունեցել շաբաթ օրը վաղ առավոտյան՝ Պասիր Լանգու գյուղում:
«Փրկարարները որոնում են 82 բնակչի, որոնք, հնարավոր է՝ թաղված են ցեխի և փլատակների տակ։ Եվս 24 մարդու հաջողվել է դուրս գալ», – ասել է Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալության խոսնակը:
Օրեր շարունակ տեղացած ուժեղ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից, իսկ ջրի ու ցեխի հոսքերը թափվել են լեռնային գյուղերի վրա՝ ավերելով և փլուզելով տները։
Սողանքի գոտուց 100 մետր շառավղով բնակվող մարդիկ տարհանվել են հետագա փլուզումների վտանգի պատճառով։