Իտալացի մրցավարների ասոցիացիայի ղեկավարը որակազրկվել է 13 ամսով

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատական մարմինը՝ Ազգային տրիբունալը, պատժամիջոց է կիրառել Իտալիայի մրցավարների ասոցիացիայի (AIA) նախագահ Անտոնիո Ձապիի նկատմամբ։

Վերջինս որակազրկվել է 13 ամսով՝ C և D սերիաների մրցավարների պատասխանատուների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների պատճառով։

​Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ Ձապին դրդել է Մաուրիցիո Չամպիին և Ալեսանդրո Պիցցիին հրաժարական տալ, որպեսզի նրանց փոխարեն նշանակի Դանիելե Օրսատոյին և Ստեֆանո Բրասկիին։

Այժմ ֆեդերացիայի ղեկավարությունը սպասում է, թե արդյո՞ք Ձապին կբողոքարկի որոշումը, որից հետո միայն կորոշվի, թե ով է ժամանակավորապես ղեկավարելու կառույցը։

Տրիբունալը հրապարակել է նաև դատավճռի հիմնավորումը։ Փաստաթղթում նշվում է, թե ապացուցված է, որ Ձապին, Օրսատոյին և Բրասկիին նշանակելու նպատակով, Պիցցիին և Չամպիին հարկադրել է հրաժարական տալ՝ գիտակցելով, որ «նրանց վարքագծի կամ մասնագիտական որակների տեսանկյունից պաշտոնից հեռանալու հիմնավոր պատճառներ չկային»։

Արդյունքում հասել է իր ուզածին՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։

2024 թվականի օգոստոսին Օրսատոն կարճ ժամանակով ընդգրկվել էր Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահին կից փորձագիտական-մրցավարական հանձնաժողովի կազմում, սակայն հետագայում մտափոխվել էր և հրաժարվել համագործակցությունից։

Leave a Comment