3 մարդ հոսպիտալացվել է Երևանում գրանցված խոշոր ավտովթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։
Վթարի հետևանքով վարորդ Հայկ Հ.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Սարգիս Մ.-ն և 31-ամյա Ռոման Շ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները։
Հրշեջ-փրկարարները վիրավորներից Ռոման Շ.-ին և Հայկ Հ.-ին պատկարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ Սարգսի Մ.-ին քաղաքացիներն են մոտեցրել շտապ օգնությանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։