Պապոյան․ Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ

Պապոյան․ Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ

24 հունվարի 2026 – 11:26 AMT

PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ռեգուլյար տեսակի բենզինի գինը ևս նվազել է։

«Արդեն 420 դրամ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը (միգուցե՝ ամենամեծը) ևս գնել է ադրբեջանական բենզին, որը այս պահին իր պահեստներում է և շուտով կվաճառի այդ բենզինը ցածր գնով»,-նշել է նա:

Հունվարի սկզբին Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանից Հայաստան է ներկրվում հերթական խմբաքանակի ռեգուլյար և պրեմիում բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք, որը մինչև 80 դրամով էժան կլինի:

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը, որին հաջորդել է ևս 2 խմբաքանակի ներմուծում:

Ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

Leave a Comment