24 հունվարի 2026 – 11:46 AMT
PanARMENIAN.Net – Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ վերջին անկարգությունների հետևանքով վնասվել է հայկական 2 եկեղեցի:
Նրա փոխանցմամբ՝ երկրի ներսում ստեղծված լարված իրավիճակի պատճառով արձանագրվել են ինչպես նյութական վնասներ, այնպես էլ մարդկային կորուստներ, հայտնում է Sputnik Արմենիան:
Ըստ Արաղչիի ներկայացրած տվյալների՝ անկարգությունների հետևանքով վնասվել են 305 շտապօգնության ավտոմեքենաներ ու ավտոբուսներ, 24 բենզալցակայան, 700 մթերային խանութ, 300 առանձնատուն, բանկերի 750 մասնաճյուղ, կառավարական 414 շենք, ոստիկանական 749 բաժանմունք, 120 «Բասիջ» կամավորական կենտրոն, 200 դպրոց, 350 մզկիթ, 15 գրադարան, 2 հայկական եկեղեցի, ավտոբուսի 253 կանգառ, 600 բանկոմատ և 800 մեքենա։
Անկարգությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 3117 քաղաքացի։
Բողոքի ակցիաներն Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերին՝ կապված ռիալի արժեզրկման հետ։ Այնուհետև դրանք վերածվել են անկարգությունների մի շարք խոշոր քաղաքներում՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով ու քաղաքական պահանջներով։ Ցուցարարների շարքերում եղել են նաև 1979 թվականին գահընկեց արված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կողմնակիցները։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն այս իրադարձությունների կազմակերպման մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին։