Դատաբժիշկ-փորձագետը կեղծ եղրակացություն է ներկայացրել․ գործը դատարանում է

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 22-ին գործ է ստացվել մեղադրական եզրակացությամբ և նույն օրը մակագրվել Սասուն Մխիթարյանին։ Գործով մեղադրյալ է հանդիսանում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի դատաբժիշկ փորձագետ, Տավուշի մարզային բաժնի ղեկավարը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եղրակացության համառոտ նկարագիրը

Ս․ Ա․-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2024 թվականին հանդիսանալով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի դատաբժիշկ փորձագետ, Տավուշի մարզային բաժնի ղեկավար, 2024 թվականի հուլիսի 29-ին՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային բաժնի Սևան-Ճամբարակի դատաբժշկական բաժանմունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 36-0199-24 քրեական վարույթով Կ. Ղ.-ի նկատմամբ իրականացրել է դատաբժշկական փորձաքննություն և տվել թիվ 039 փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ «Կ. Ղ.-ի ստացած տվել թիվ 039 կեղծ դատաբժշկական մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների` աջակողմյան չնչին պնևմոթորաքսի, աջից 2-րդ, 3-րդ կողերի կոտրվածքների ձևով, հասցվել են բութ առարկայով, հնարավոր են որոշման մեջ նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Հաշվի առնելով վնասվածքների բնույթները, դրանց տեղակայումները, դեպքի վայրի զննության տեսաձայնագրությունը, փորձաքննվողի ցուցմունքը՝ հնարավոր են դրանց առաջացումը ինչպես ավտովթարի հետևանքով առաջանալու, այնպես էլ լրացուցիչ գրությամբ ներկայացված հանգամանքներում, այն է՝ քարերի վրա վայր ընկնելու հետևանքով»։
Սակայն, նույն քրեական վարույթով 2024 թվականի սեպտեմբերի 12-ին որոշում է կայացվել կրկնակի դատաբժշկական փորձաքննութուն նշանակելու մասին և թիվ 24-2540 կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզարակացության համաձայն՝ Կ. Ղ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավորության հատկանիշով, ինչպես նաև բացառվել է Կ. Ղ.-ի կրծքավանդակի վնասվածքների առաջացման հնարավորությունը մարմնի սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու և բութ կոշտ առարկայ/ների/, այդ թվում քարի/երի/ հետ համահարվածման արդյունքում։

Ընտրված խափանման միջոցը

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Մեղադրանքի հոդվածները

Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ ցուցմունք, կեղծ եղրակացություն կամ կեղծ կարծիք տալը կամ սխալ թարգմանություն կատարելը։

Քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական վարույթով սուտ բացատրություն տալը կամ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարույթով սուտ ցուցմունք կամ փորձագետի կողմից կեղծ եզրակացություն կամ կարծիք տալը կամ թարգմանի կողմից սխալ թարգմանություն կատարելը կամ նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը, եթե դա էական նշանակություն է ունեցել գործի լուծման համար կամ խաթարել է գործի կամ վարույթի ընթացքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Գործով վարույթ սկսելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment