ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Կուբայի ծովային շրջափակման հնարավորությունը՝ նավթի մատակարարումները դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես գրում է պարբերականը, Վաշինգտոնը «ուսումնասիրում է նոր մարտավարություն կիրառելու հնարավորությունը՝ Կուբայի ղեկավարությանը փոփոխելու նպատակով»։ Ի թիվս այլոց, «դիտարկվում է նավթի ներկրման լիակատար շրջափակման սահմանումը»։ Ըստ Politico-ի՝ այս գաղափարին կողմ է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն վերջնական որոշում այս հարցում դեռևս չկա։
Հունվարի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Կուբան այլևս նավթ և գումար չի ստանա Վենեսուելայից։ Նա Հավանային մեղադրել է Կարակասին «անվտանգության ծառայություններ» մատուցելու մեջ։
Հունվարի 3-ին Թրամփը հայտարարեց Կարակասում իրականացված ռազմական գործողության մասին, որի արդյունքում ձերբակալվեցին նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։ Նրանք այժմ կանգնած են Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ՝ թմրանյութերի շրջանառության մեղադրանքով։
Թրամփը նշել է, որ Վենեսուելայի ժամանակավոր կառավարումը կստանձնեն ԱՄՆ-ը, իսկ երկրում պետության ղեկավարի պարտականությունները կատարում է Դելսի Ռոդրիգեսը։ Թրամփի կարծիքով՝ Վենեսուելայի գործողությունից հետո մեծացել է Կուբայի իշխանությունների տապալման հավանականությունը։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը ընդգծել է, որ Հավանան Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում, բացառությամբ միգրացիոն ոլորտում տեխնիկական շփումների, սակայն պահպանում է պատրաստակամությունը լուրջ և պատասխանատու երկխոսության համար։