ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է Վաշինգտոնյան համաձայնագրերի աշխատանքային խմբի երկրորդ հանդիպման մասին

Հունվարի 22-ին կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը ողջունել են նույն օրը Դավոսում հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի ստեղծումը և կառույցին Հայաստանի՝ որպես հիմնադիր անդամ միանալը: 

Կղմերն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և որպես ևս մեկ կարևոր ձեռքբերում նշվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը:

Աշխատանքային խումբն անդրադարձել է նաև տնտեսական համագործակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների օրակարգային հարցերին՝ նախանշելով առաջիկա անելիքները:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։

Leave a Comment