Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով․ մանրամասներ

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի հունվարի 21-ին ստացվել է Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի քրեական գործը: Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Սարգիս Սիմոն Դադոյանին: Գործը ստացվել է Շիրակի մարզի դատախազությունից, նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեում: Այս մասին Iravaban.netը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կազմակերպելու և ղեկավարելու պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում, նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ղեկավարելու համար, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով: Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 327-րդ հոդվածի 1-ին մասով: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Կարապետ Գագիկի Ղուկասյանին, ով զբաղեցնում է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնականի պաշտոնը, մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում իր իշխանական և ծառայողական լիազորությունները անցնելու, կատարելու այնպիսի արարք, որը դուրս է եղել իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին: Միաժամանակ նրան մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կազմակերպելու և ղեկավարելու պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում, պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ղեկավարելու համար: Կարապետ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 327-րդ հոդվածի 1-ին մասով: Կարապետ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Գուրգենի Առաքելյանին, ով զբաղեցնում է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում իր իշխանական և ծառայողական լիազորությունները անցնելու, կատարելու այնպիսի արարք, որը դուրս է եղել իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին: Նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կազմակերպելու և ղեկավարելու պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում, պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ղեկավարելու համար: Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 327-րդ հոդվածի 3-րդ մասով: Ավետիս Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Արտյոմ Արտուշի Մկրտչյանին, ով զբաղեցնում է «Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետի պաշտոնը, մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում իր իշխանական և ծառայողական լիազորությունները անցնելու, կատարելու այնպիսի արարք, որը դուրս է եղել իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին: Նրան նաև մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ղեկավարելու համար: Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 327-րդ հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Գործի նյութերի հետ միասին դատարան է ներկայացվել նաև մեկ փակ փաթեթ որպես իրեղեն ապացույց, որը տրվել է դատավորին: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, – տեղեկացնում է Iravaban.net:

Ծանուցում. Մեղադրվողները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment