Արագածոտնի մարզի դատարանում 2026 թվականի հունվարի 22-ին էլեկտրոնային եղանակով ստացվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցադիմումը Ստեփան Արտակի Ասատրյանի դեմ: Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Մանուկ Սոկրատի Մարգարյանին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի իրավաբանական հասցեն է Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Էջմիածին, Արարատյան 2, պահանջում է դատարանից պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին, որը սեփականության իրավունքով պատկանում է Եկեղեցուն: Պահանջը ներառում է նաև Եկեղեցու բանալիների վերադարձը:
Միաժամանակ Եկեղեցին պահանջում է արգելել Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու երեք հատվածներ՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան: Հայցադիմումով Եկեղեցին նաև պահանջում է Ասատրյանից հօգուտ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Հայցադիմումը հիմնված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի պահանջների վրա: Եկեղեցու իրավունքները և շահերի պաշտպանությունը ներկայացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը: Հայցադիմումին կից ներկայացվել են պետական տուրքի վճարման ծածկագիրը և հայցադիմումը պատասխանողին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը:
Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, դատական նիստի ամսաթիվը դեռ չի հայտարարվել, – տեղեկացնում է Iravaban.net-ը: