Իսպանիան չի մասնակցի «Խաղաղության խորհուրդին»

Իսպանիան չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդին», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը:

«Մենք գնահատում ենք հրավերը, բայց մերժում ենք», – նշել է նա:

Սանչեսը որպես մասնակցությունից հրաժարվելու հիմնական պատճառ նշել է Մադրիդի կողմից միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և բազմակողմանիության նկատմամբ հավատարմության պահպանումը։ Իսպանիայի վարչապետը նաև ասել է, որ Խաղաղության խորհրդում չի ներառվել Պաղեստինի հարցը։

Նախօրեին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:

Leave a Comment