Իսպանական կողինջը հայ երիտասարդ գիտնականների հետազոտության առանցքում է։ Այն Եվրոպայի հարյուր վտանգավոր ինվազիվ տեսակներից է համարվում։ Այս տեսակը Հայաստան նոր է ներխուժել։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2022 թվականին՝ Տավուշում։ Ինչպես յուրաքանչյուր օտարածին, ինվազիվ տեսակի դեպքում էլ, իսպանական կողինջի վարքը պետք է մոնիթորինգի ենթարկեին՝ հասկանալու, թե այն ինչ ազդեցություն ունի տվյալ նոր էկոհամակարգի վրա, ունի՞ արդյոք բացասական ազդեցություն, թե՞ ոչ։
«Մի քանի տարի մոնիթորինգ անելուց հետո 2024 թվականին պաշտոնապես հրապարակեցինք տվյալները։ Անսեֆի դրամաշնորհի միջոցով այժմ արդեն ավելի լայնածավալ ուսումնասիրություն ենք անում Հայաստանի հյուսիսում, որտեղ այս տեսակը ավելի է տարածվում»,– ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար Մերի Արզումանյանը։
Բարդ է պարզել, թե ինչպես է հայտնվել իսպանական կողինջը Հայաստանում։ Տարբեր վարկածներ են ուսումնասիրել, հիմնականը այն է, որ այն Հայաստան է հասել մարդու միջամտությամբ, մարդու կողմից։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող, գիտական խմբի անդամ Մանան Ասիկյանը գիտական այս հետազոտությունում ԴՆԹ-ի անջատմամբ է զբաղվում, ապահովում է գենետիկական մասը։ Իրականում հարցը բարդ է, եվրոպական երկրներում չեն կարողանում նրանց դեմ պայքարել։
Նույն թունաքիմիակտները պետք է զգույշ օգտագործել, սա Հայաստանում խնդիր է՝ ասում է Մանան Ասիկյանը։ Նշում է՝ գյուղացիներն այն գրագետ չեն օգտագործում։
«Օգուտի փոխարեն վնաս են տալիս։ Չգիտեն՝ ինչ հիմք է, ինչի համար ու ինչպես պետք է օգտագործեն։ Դրանով նրանք վատացնում են հողի վիճակը։ Բացի այդ, վնասատուների մասին ենք խոսում, որոնց առկայությունը պարտադիր է բազմաթիվ դեպքերում։ Այդպես նրանք կարող են տոտալ վերացնել։ Այնպես որ պետք է գրագետ կիրառեն, ինչը մեզ մոտ դեռ չկա։ Դրա համար այդ մի տարբերակից խուսափում ենք»։
Գարնանն արդեն կսկսեն Սևանի տարածաշրջանն ուսումնասիրել։ Հետազոտություններն իրականացվում են ԱՆՍԵՖԻ դրմաշանորհի շրջանակում։ Մինչև այդ հետազոտում էին գիտական հետաքրքրքությունից ելնելով, այժմ և’ թիմն է ընդլայնված, և’ հետազոտության ուղղությունները։