Պուտինը հայտարարել է, որ կարող է 1 միլիարդ դոլար նվիրաբերել Թրամփի «Խաղաղության խորհրդին», եթե ԱՄՆ-ն ապասառեցնի ռուսական ակտիվները


Միջազգային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ քննարկել է նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլար նվիրաբերելու հնարավորությունը։ CNN-ի փոխանցմամբ, նա այդքան գումար կնվիրաբերի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ապասառեցնի ռուսական որոշ ակտիվներ։

«Խաղաղության խորհրդի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում ընդգծվեց մեր պատրաստակամությունը՝ մեկ միլիարդ դոլար ուղղորդել այս կազմակերպության բյուջե՝ նախորդ ԱՄՆ վարչակազմի կողմից սառեցված ռուսական ակտիվներից», – լրագրողներին ասել է  ՌԴ նախագահի՝ արտաքին քաղաքականության  հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով, 2022-ին սառեցված պահուստներից մնացած միջոցները, կարող են ուղղվել մարտական ​​գործողությունների ընթացքում տուժած տարածքների վերականգնմանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի դեսպանորդ  Ուիթքոֆի և Իվանկա Թրամփի ամուսնու, գործարար, ԱՄՆ նախագահի թիմակից  Ջարեդ Քուշների հետ տևել է երեք ժամ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը դրանք որակել է կառուցողական,  շատ անկեղծ ու վստահելի։

«Հակամարտությունը դեռևս չի լուծվել՝ չնայած Մոսկվայի շահագրգռվածությանը։ Եվս մեկ անգամ նշվել է, որ առանց տարածքային հարցը լուծելու, իմաստ չունի հույսը դնել երկարաժամկետ կարգավորման հասնելու վրա»,-հայտարարել է Ուշակովը։

Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար դեռ «դեռ շատ անելիք կա»։


Leave a Comment