Ռոնալդուն դատարանում հաղթել է իր նախկին ակումբին

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դատարանում հաղթանակ է տարել իր նախկին ակումբի՝ թուրինյան «Յուվենտուսի» նկատմամբ։

Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը, վեճը վերաբերում է չվճարված աշխատավարձերին։

Թուրինի դատարանը մերժել է «Յուվենտուսի» ներկայացրած բողոքարկումը՝ ուժի մեջ թողնելով նախկինում կայացրած վճիռը։ Ըստ այդմ՝ իտալական ակումբը պարտավորվում է ֆուտբոլիստին վճարել 9,7 միլիոն եվրո։

Դատական վեճի հիմքում COVID-19 համավարակի ընթացքում կնքված գաղտնի համաձայնագիրն է։ Ֆինանսական ճգնաժամի պատճառով ակումբը ժամանակավորապես սառեցրել էր Ռոնալդուի աշխատավարձի մի մասը։ Ֆուտբոլիստն ի սկզբանե պահանջում էր 19,9 միլիոն եվրո։

2024 թվականին արբիտրաժային դատարանը մասնակիորեն բավարարել էր հայցը՝ պարտավորեցնելով վճարել գումարի կեսը։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ «Յուվենտուսի» պարտքը կազմում էր 9,8 միլիոն եվրո, սակայն դատարանը վերջնականապես հաստատեց 9,7 միլիոն եվրոյի վճարումը։

Պորտուգալացին «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 2018–2021 թվականներին։

Leave a Comment