Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հարևան երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը որևէ վտանգ չի ներկայացնում Վրաստանի տարանցիկ դերի համար։
Վարչապետի խոսքով՝ այն տեսակետը, թե Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ գործառույթը, ընդամենը ենթադրություն է։
«Վերջին հինգ տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալներն աճել են յոթ անգամ։ Զգալի ներդրումներ են իրականացվում՝ երկրի տարանցիկ դերն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Այլընտրանքային միջանցքները պարզապես կլրացնեն արդեն գործող ենթակառուցվածքները։ Մեր միակ նպատակը մեր ենթակառուցվածքների առավելագույն օգտագործումն է՝ աճող բեռների հոսքերը սպասարկելու համար»,- ընդգծել է Կոբախիձեն։
Նա շեշտել է, որ ապագայում ևս նախատեսում են զգալի ներդրումներ իրականացնել տարանցիկ դերի զարգացման ուղղությամբ։ Հաշվի առնելով արձանագրված աճը՝ այլընտրանքային միջանցքները միայն կհամալրեն տարանցիկ գործառույթը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։
