Վարչապետն ու փոխվարչապետերը 2025 թվականին ստացել են 51,6 մլն դրամ պարգևավճար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետերը 2025 թվականին աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային և տարեկան արդյունքի, որակի ու կատարողականի գնահատման հիման վրա ստացել են ընդհանուր 51,6 մլն դրամ պարգևավճար։ Iravaban.net–ը գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի և փոխվարչապետերի՝ 2025 թվականին ստացած պարգևավճարների վերաբերյալ։

Հարցմանն ի պատասխան Iravaban.net–ին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ նշված պարգևատրումները վճարվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Պարգևատրումներ, խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածի շրջանակում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին ստացել է 13 մլն 922 հազար 100 ՀՀ դրամ պարգևավճար։
  • Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի ստացած պարգևավճարների չափը ներկայացվել է ընդհանուր՝ 37 մլն 681 հազար ՀՀ դրամ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը գրավոր հայտնել է, որ վարչապետն ու փոխվարչապետերը պարգևատրվել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի, Աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաև Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի՝ «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշման դրույթներին համապատասխան՝ աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային և տարեկան արդյունքների, որակի և կատարողականի գնահատման հիման վրա։

 

 

Leave a Comment