Այլընտրանքային միջանցքը չի նվազեցնում Վրաստանի տարանցման դերը. Կոբախիձե


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է, որ  ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումն ու առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Միաժամանակ նա շահարկումներ է անվանել այն կարծիքները, թե այլընտրանքային միջանցքով Վրաստանը կարող է կորցնել իր տարանցման գործառույթը:


«Վրաստանի տարանցման դերը ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ։ Այլընտրանքային միջանցքը վտանգ չի ներկայացնում Վրաստանի համար»,- ասել է Կոբախիձեն և դա հաստատելու համար նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները յոթնապատիկ աճել են:


«Մեր միակ խնդիրն է առավելագույնս օգտագործել ենթակառուցվածքները՝ բեռնափոխադրումների աճող ծավալներն ընդունելու համար։ Նման աճի պայմաններում այլընտրանքային միջանցքը միայն կլրացնի մեր տարանցիկ գործառույթը»,- ասել է Վրաստանի վարչապետը և հավելել, որ ապագայում հնարավորինս շատ միջոցներ կուղղեն երկրի տարանցիկ դերի զարգացմանը:

Leave a Comment