Նույնիսկ ՀՀ պետական հետախուզական մարմինն է արձանագրել, որ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում, մեծ հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության օրակարգն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրել է՝ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո Ադրբեջանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է:
«Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է, և դա որպես փաստ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին»,- նշել է պատգամավորը։
Աբրահամյանը մատնանշել է նաև զեկույցում նշված՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ ձևակերպումների 2 պատճառը` տարածքային հավակնությունների դրսևորում կամ Արցախի հարցի հակազդում:
«ՀՀ իշխանության` Արցախի հարցում ունեցած կտրուկ շրջադարձի և դրանից հրաժարվելու համատեքստում թեմային հակազդելու գործոնի դերն էականորեն նվազում է»,- ընդգծել է Աբրահամյանը:
Հունվարի 20-ին Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ նշվում է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Արտաքին հետախուզական ծառայությունը, սակայն, Ադրբեջանի կողմից առաջ մղվող, այսպես կոչված, «արևմտյան և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողությունները համարել է ռիսկային:
