Պաշտոնյաները պարգևավճար կստանան նաև 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար՝ չնայած հանրային դժգոհությանը․ ԶԼՄ

Իշխանությունները ծրագրում են 2025-ի երկրորդ կիսամյակի համար ևս պարգևատրումներ բաշխել պաշտոնյաներին՝ չնայած առաջին կիսամյակում տրված միլիոնավոր դրամների շուրջ առկա հանրային դժգոհությանը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր տեղեկություններին։ 

Ըստ թերթի՝ նախկինում տրամադրված խոշոր պարգևավճարները վերաբերում էին միայն տարվա առաջին վեց ամիսներին, և այժմ քննարկվում է ինքնապարգևատրման երկրորդ փուլի իրականացումը։

Դեռևս հունիսին իշխող թիմը մտադիր էր կտրուկ բարձրացնել պետական ապարատի աշխատավարձերը, սակայն օրենսդրական խոչընդոտների պատճառով ընտրել է պարգևատրումների տեսքով հավելյալ վարձատրության տարբերակը, նշել է լրատվականը։

Թերթի տեղեկություններով՝ գործընթացն իրականացվում է պիլոտային ծրագրի շրջանակում, մինչդեռ հետագայում իշխանությունները բարձրացումները կամրագրեն օրենքով՝ Ազգային ժողովի հաստատմամբ։

Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի տարեվերջին փոխանցվել էր 3 մլն դրամ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալները ևս ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Հունվարին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամի պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրության ավելացումը կազմել է մոտ 1,5 մլն դրամ։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժի հաղթանակի դեպքում Հայաստանի վարչապետը կստանա տարեկան 1 դրամ աշխատավարձ և պարգևավճարների իրավունք չի ունենա: ԱԺ նախագահը հունվարի 19-ին պաշտպանել էր պետական պաշտոնյաներին պարգևավճարներ հատկացնելու քաղաքականությունը՝ հայտարարելով, որ այդ գումարները փաստացի նրանց աշխատավարձի բաղկացուցիչ մասն են, այլ ոչ թե լրացուցիչ խրախուսանք:

 

Leave a Comment