Թրամփը ողջունել է TikTok-ի շուրջ գործարքը

Թրամփը ողջունել է TikTok-ի շուրջ գործարքը

TikTok-ի չինական սեփականատեր ByteDance ընկերությունը հայտարարել է, որ ավարտին է հասցրել ԱՄՆ-ում մեծամասամբ ամերիկյան սեփականությամբ համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ գործարքը։ Նպատակն է ապահովել ամերիկացի օգտատերերի տվյալների անվտանգությունը և կանխել կարճ տեսանյութերի հարթակի հնարավոր արգելքը, որը ԱՄՆ-ում օգտագործում է ավելի քան 200 միլիոն մարդ։

Այս համաձայնությունը կարևոր փուլ է սոցիալական մեդիա ընկերության համար՝ երկարատև հակասություններից հետո, որոնք սկսվել էին 2020 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել էր արգելել TikTok-ը՝ ազգային անվտանգության մտահոգություններով պայմանավորված։

Ավելի ուշ Թրամփը չի կիրառել 2024 թվականի ապրիլին ընդունված օրենքը, որը պարտադրում էր ByteDance-ին մինչև 2025 թվականի հունվար վաճառել ԱՄՆ-ում իր ակտիվները։ Օրենքի չկատարումը կարող էր հանգեցնել հարթակի արգելման․ այն հաստատվել էր նաև ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից։

Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ ողջունել է գործարքը՝ նշելով, որ TikTok-ը «այժմ պատկանում է ամերիկացի հայրենասերների և ներդրողների մեծ խմբի՝ աշխարհի խոշորագույններից մեկին»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ համագործակցության և գործարքը վերջնականապես հաստատելու համար։

«Նա կարող էր ընտրել այլ ուղի, բայց այդպես չվարվեց, և ես բարձր եմ գնահատում նրա որոշումը»,- գրել է Թրամփը։

Leave a Comment