Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում՝ համագործակցություն և արդյունքներ. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵՄ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը


Հունվարի 22-ին անցկացվել է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:


Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, Ներքին գործերի, Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, ծրագրի համակարգողներին և փորձագետներին։


Արձանագրված արդյունքների շարքում փոխնախարարն անդրադարձել է հանցավորության կանխարգելման ռազմավարական փաստաթղթի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ մշակվել է համապարփակ ռազմավարություն, որը ներառում է հանցավորության դեմ պայքարը ինստիտուցիոնալ մակարդակում:


Իրականացվել են վերլուծական և հետազոտական աշխատանքներ, միջազգային գործընկերների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ, և ներկայացված առաջարկներն ու դիտարկումները ներառվել են փաստաթղթում։


Արձանագրվել է, որ հանցավորության կանխարգելումը չի կարող դիտարկվել որպես միայն իրավապահ համակարգի խնդիր. այն ձևավորվում է տարբեր միջավայրերում և միայն թիրախավորված գործողությունները կարող են ապահովել շոշափելի արդյունքներ։


Անդրադառնալով ռազմավարության անվտանգային ստանդարտներին և գործիքակազմին՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ դրանք կարևոր են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման տեսանկյունից։


Դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձել է գրանցված արդյունքներին, շահառու մարմինների կատարած աշխատանքին, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանն ու պետական կառույցների հետ համագործակցությանը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու Հայաստանի գործընկերներին աջակցելու հանձնառությունը:


Ներկայացվել են 4 տարիների ընթացքում Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները։


Պանելային քննարկումների ժամանակ մասնակիցները խոսել են Ծրագրում ներգրավվածության, համատեղ աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին։


Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։

Leave a Comment