Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցադիմումը, ըստ որի Դատախազությունը պահանջում էր անվավեր ճանաչել 8.9 հա հողամասն օտարելու վերաբերյալ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Ի թիվս այլնի, պահանջվել էր՝
- որպես հետևանք անվավեր ճանաչել Մխչյանի գյուղապետի և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի միջև 2004 թվականի նոյեմբերի 2-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը,
- Արգամ Աբրահամյանի անվամբ 2004 թվականի նոյեմբերի 4-ին կատարված իրավունքի պետական գրանցումը,
- Արգամ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի միջև 2005 թվականի մարտի 10-ին կնքված նվիրատվության պայմանագիրը,
- Պայմանագրի հիման վրա՝ Հովիկ Աբրահամյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:
Վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը:
Գործի նախապատմությունը
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 22-ին հայցապահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան, նուն օրը գործը մակագրվել է դատավոր Կարեն Բադալյանին։ Վերջինս հուլիսի 31-ին գործը վարույթ ընունելու մասին որոշում է կայացրել։ Գործով որպես 3-րդ անձ ներգրավված էր նաև պատասխանող Արգամ Աբրահամյանի հայրը՝ Հովիկ Աբրահամյանը։ Դատարանը նույեմբերի 17-ին որոշել է հակակոռուպցիոն քաղաքացիական գործով հայցի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Հովիկ Արգամի Աբրահամյանին հանել գործին մասնակցող անձանց կազմից և ներգրավել գործով որպես նոր պատասխանող։