UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Դասթին Պորյեն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ առաջարկ է ստացել գրեփլինգի կանոններով մենամարտ անցկացնելու UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ։
Ավելի վաղ Hype FC լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը հայտնել էր, որ կողմերը կարող են մրցահարթակ դուրս գալ այս տարվա փետրվարին։
Արիել Հելվանիի հետ հարցազրույցում Պորյեն մանրամասնել է իրավիճակը:
«Իրականում ես առաջարկ ստացել եմ՝ մեկնելու Հայաստան և գրեփլինգի կանոններով մրցելու Արմանի հետ։ Այն ընկերությունը, որտեղ հանդես է գալիս Արմանը, կապվել է ինձ հետ երկու-երեք շաբաթ առաջ։ Անկեղծ ասած՝ Հայաստան թռչելու ցանկություն չունեմ, սակայն բուն գաղափարն ինձ հետաքրքրել է։ Սա հնարավորություն է ինչ-որ բանի սպասելու և պատրաստվելու համար, ինչը հետաքրքիր է», – նշել է Պորյեն։
37-ամյա Պորյեն խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 40 հանդիպում՝ և տարել 30 հաղթանակ։ Ամերիկացին մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր նախորդ տարվա հուլիսին։