Հայաստանը դարձել է այն 19 երկրներից մեկը, որոնք այսօր՝ հունվարի 22-ին, ստորագրել են Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին փաստաթուղթը: Դավոսում արարողությունը գլխավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Արարողության հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ևս 17 պետությունների ղեկավարներ: ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների ելույթի ժամանակ կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ Փաշինյանն ու Թրամփը շփվել են։ Այս կարճ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահի ձախ կողմում Ադրբեջանի առաջնորդ Ալիևն էր:
Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհուրդ ստեղծելու գաղափարը ենթադրում է Գազայի հակամարտության կարգավորման համար միջազգային հարթակի ձևավորում՝ այլ ճգնաժամերի մանդատի հնարավոր ընդլայնմամբ: Անդամության հրավերներ են ստացել ավելի քան տասը պետություններ, որոնց մի մասը՝ ներառյալ ԱՄԷ-ն, Մարոկկոն, Ղազախստանը, Հունգարիան, Հայաստանն ու Ադրբեջանը, հրապարակայնորեն հաստատել են միանալու պատրաստակամությունը: Խորհուրդը նախատեսված է որպես համաշխարհային առաջնորդների միավորում՝ Թրամփի նախագահությամբ, մշտական անդամի կարգավիճակ ստանալու հնարավորությամբ՝ մինչև 1 մլրդ դոլար վճարով: Նախաձեռնությունը ոչ միանշանակ արձագանք է ստացել. մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Կանադան, թերհավատությամբ են վերաբերվում դրան:
ՀՀ կառավարությունը նախքան արարողությունը հավանություն էր տվել խորհրդի կանոնադրության ստորագրմանը:
