Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են․ ԶԼՄ – Armenia Today

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում, գրել է 24news-ը։

Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ հայրը սրտի բաց վիրահատության է ենթարկվում։

Խաչատրյանի հունվարի 14-ին Հայաստան վերադարձած 4 գերիների թվում էր։ Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել նաև Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:

Չորս հայ ռազմագերիներից երեքը գերեվարվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, իսկ Խաչատրյանը՝ դրա ավարտից հետո՝ Արցախի շրջափակման ժամանակ: Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը, դեպի Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս:

Ադրբեջանում երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «զենքի ապօրինի պահման» և «լրտեսության» մեղադրանքներով: Լիբանանահայ Էուլջեքչյանը բերման էր ենթարկվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ մարտական գործողությունների ավարտի հաջորդ օրը: 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով:

Արցախի բնակիչ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Հակարիի կամրջի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս: Նա անցնում էր 1991 թվականի դեկտեմբերի 22-ի ենթադրյալ «ցեղասպանության» գործով:

Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Leave a Comment