Իսպանիայում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է արդեն չորրորդ երկաթուղային վթարը

Միջքաղաքային գնացքը բախվել է կռունկի․ Իսպանիայում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է արդեն չորրորդ երկաթուղային վթարը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը երկրի հարավ-արևելքում գտնվող Կարտախենա նավահանգստային քաղաքի մերձակայքում գնացքը բախվել է կռունկի, ինչի հետևանքով չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ։

Միջադեպը տեղի է ունեցել Մուրսիա շրջանի երկաթուղային գծում։ Իշխանությունների փոխանցմամբ՝ գնացքը չի շրջվել և գծերից դուրս չի եկել։ Առաջին ահազանգերն արտակարգ ծառայությունները ստացել են կեսօրից անմիջապես հետո։

Իսպանիան դեռևս ցնցված է կիրակի օրը երկրի հարավում՝ Անդալուսիա շրջանում տեղի ունեցած արագընթաց գնացքների բախումից, որի հետևանքով զոհվել էր առնվազն 43 մարդ։

Երկու օր անց միջքաղաքային գնացքը դուրս է եկել գծերից Բարսելոնա քաղաքի մոտ, երբ ուժեղ անձրևի պատճառով երկաթուղային գծերի վրա փլուզվել էր արգելապատնեշը։ Այդ վթարի հետևանքով զոհվել է մեքենավարը, ևս չորս ուղևոր ստացել են ծանր վնասվածքներ։

Նույն օրը Կատալոնիայի հյուսիս-արևելքում գրանցվել է ևս մեկ բախում, որից հետո գնացքների մեքենավարների խոշորագույն արհմիությունը հայտարարել է ազգային գործադուլ՝ երկաթուղային անվտանգության չափանիշների հետ կապված մտահոգությունների պատճառով։ Հինգշաբթի օրը Իսպանիայի երկաթուղային ենթակառուցվածքների օպերատոր Adif-ը հայտնել է, որ Մուրսիայի գծի երթևեկությունը ժամանակավորապես խաթարվել է «երկաթուղային գործունեությանը չպատկանող կռունկի կողմից ենթակառուցվածքային չափիչի մեջ ներխուժման» պատճառով։

Մանրամասներ չեն հաղորդվել։ Ավելի ուշ հրապարակված հաղորդագրության մեջ նշվել է, որ տվյալ գծով երկաթուղային ծառայությունները վերականգնվել են։

Leave a Comment