ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ» ձեռնարկված քայլերին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշելով, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն գոյություն ունի՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատմամբ։ Այս համատեքստում նա ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ներկրվող հացահատիկի մատակարարումները:
Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ներառյալ TRIPP նախագիծը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի հարցում։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» կարևորությանը և նշվել է այդ կազմակերպության նշանակությունը Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման, ինչպես նաև գլոբալ հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում։
Ադրբեջանի հրավերը «Խաղաղության խորհրդում»՝ որպես հիմնադիր պետություն, գնահատվել է որպես Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մարմնավորում և այն դերի ընդգծում, որը խաղում է մեր երկիրը համաշխարհային խաղաղությանը նպաստելու գործում», — հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։