Թրամփ. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն իմ ընկերներն են

Թրամփ. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն իմ ընկերներն են

22 հունվարի 2026 – 16:29 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Խաղաղության խորհուրդի հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն իր ընկերներն են դարձել:

«Այսօր աշխարհն ավելի հարուստ է, ապահով և շատ ավելի խաղաղ, քան մեկ տարի առաջ։ Մենք մարեցինք բոլոր այդ կրակները։ Շատերը, այդ թվում նաև ես, չգիտեին, որ որոշ պատերազմներ դեռ ընթացքի մեջ են։ Եվ որոշները մի դեպքում տևել են 32 տարի, մյուսում 35 տարի, ևւս մեկում՝ 37 տարի։ Մենք շատ ուրախ էինք դադարեցնել այն պատերազմը, որը սկսվել էր Հնդկաստանի եւ Պակիստանի՝ երկու միջուկային պետության միջև։ Գրեթե ինը ամիսների ընթացքում որպես նախագահ ես ավարտեցի այդ ինը պատերազմները, այդ թվում՝ Կամբոջայում և Թաիլանդում, և նրանցից շատերն այսօր այստեղ են: Հայաստան և Ադրբեջան։ Այդ առաջնորդներից շատերն իմ ընկերներն են դարձել: Նրանք այստեղ են», — ասել է նա, հայտնում է Trend-ը:

Թրամփը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրանք ևս ստորագրել են փաստաթուղթը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած Փաշինյանի, Թրամփի և Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment